Մատչելիության հղումներ

Քանի չկա Ստեփանակերտ - Բաքու երկխոսության երաշխիք, Փաշինյանը չպետք է հրաժարվի Արցախի հարցով բանակցություններից. Տաթևիկ Հայրապետյան


Հայաստանը համաձայնել է տարանջատել Արցախի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև ձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ, Բեռլինում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն», - ասել է Փաշինյանը:

Թե երբ է հավանական, որ ստեղծվի այդ մեխանիզմը, ինչպես է գործելու և ինչ երաշխիքներ կան, որ կստացվի Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությունը և Արցախի ճակատագիրը չի մնա միայն Ադրբեջանի հայեցողությանը, Փաշինյանը չի հստակեցրել։

«Բայց խնդիրն այն է, որ չկա այդ միջազգային մեխանիզմը։ Հիմա հարց է առաջանում՝ քանի դեռ չկա, ինչի՞ մասին ենք մենք խոսում», - ասում է փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյան

Ստեփանակերտ- Բաքու երկխոսության միջազգային երաշխիքներ ստեղծելու մասին Հայաստանի պաշտոնյաները խոսում են անցած տարվանից ու անորոշ։ Այս հարցում տեղաշարժ չկա, և չնայած դրան, Փաշինյանն Արցախի կարգավորման հարցը զատել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, ինչը, Հայրապետյանի կարծիքով, Արցախի օգտին չէ. - «Նախքան միջազգային մեխանիզմների ստեղծումը և քաղաքական երկխոսության մեկնարկը Բաքվի և Ստեփանակերտի միջև, պաշտոնական Երևանը չի կարող հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի քննարկումներից։ Որովհետև եթե ստեղծվի վակուում, թեկուզ կարճաժամկետ վակուում, ապա վստահ եմ, որ Բաքուն մաքսիմալ օգտվելու է այդ իրավիճակից»։

Այդ մեխանիզմները դեռ չուրվագծված՝ Փաշինյանը ձեռքերը լվաց Արցախի կարգավորման հարցից, քննադատում է Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանը։ Ալիևն էլ առիթից օգտվելով պաշարված Արցախի պաշտոնյաների հետ հումանիտար հարցերի շուրջ քննարկումները ներկայացնում է որպես բանակցություններ, որ առանց միջազգային երաշխիքների էլ ընթանում են. - «Վտանգը այն է, որ Ադրբեջանը փորձում է խուսանավել այդ մեխանիզմներից։ Հայաստանն էլ դրա ներքո քանի որ բովանդակություն չի դնում, պատշաճ ճնշումներ չի գործադրում այդ հարցի հետ կապված, հարցը մնում է օդում կախված»։

Փաշինյանը երեկվանից աշխատանքային այցով Գերմանիայում է։ Հանդիպել է վարչապետի ու նախագահի հետ։ Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում, որտեղ եղել են քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ծավալուն ելույթ է ունեցել Հայաստանի անվտանգության թեմայով։

Բեռլինյան հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանից ներկայացուցիչ։

Ադրբեջանը խախտելով եռակողմ հայտարարությունը, շուրջ երեք ամիս ապօրինի փակել է Լաչինի միջանցքը, 120 հազար մարդ ամիսներ շարունակ ապրում է հումանիտար աղետի պայմաններում, ասել է Փաշինյանը. - «Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել են կրթության իրավունքից»։

Ադրբեջանը ձգտում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնել, շեշտել է Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ նա ընդգծել է, որ սրան զուգահեռ Ալիևը խոսում է Արևմտյան Ադրբեջան նախաձեռնության մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը. - «Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ ամբողջությամբ կբացվի փակ սահմանը։ Նրա տպավորությամբ՝ առաջ շարժվելու փոքր, բայց հուսադրող նշաններ կան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG