Մատչելիության հղումներ

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի մասին


«Երկու տարի անընդմեջ աշխատել ենք և հնարավորինս փորձել ենք բոլոր տեսանկյուններից դիտելով մոդելը, որպեսզի այն, ինչ ուզում ենք ներդնել, լինի իրատեսական, իսկապես որակի և ծառայությունների հասանելիության երաշխիք», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում անդրադառնալով առողջապահության ապահովագրության վերաբերյալ հարցերին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Փոփոխությունը նախկինում քննարկվող հայեցակարգերից այն է, որ ապահովագրավճարը կախված չի լինելու մարդու եկամուտների չափից, այլ ունենալու է հաստատուն արժեք, որից, իհարկե, պետությունը տարբեր խմբի անձանց համար իրականացնելու է սուբսիդավորման տարբեր աստիճաններ», - նշեց Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց, որ այն քաղաքացիները, ովքեր պետպատվերի շահառուներ են, նրանց համար պետություն ամբողջությամբ կսուբսիդավորի. - «Եվ նրանք պետական պատվերի շահառու լինելուց անցում կկատարեն արդեն ապահովագրական համակարգին և կօգտվեն ապահովագրական ամբողջ փաթեթից: Դա վերաբերվում է նաև սոցփաթեթի շահառուներին, նրանք ևս սուբսիդավորման այն հատվածով, ինչը որ պետությունն այս պահին տալիս է, դրանով իսկ կփոխանցվեն ապահովագրական համակարգին, կարող է լինեն հավելավճարի որոշակի հատվածներ»:

Ավանեսյանը հավելեց, որ թոշակառուները ևս հանդիսանալու են պետության կողմից 100 տոկոս սուբսիդավորման ենթակա խումբ:

Առողջապահական գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ այն շահառուների համար, ում աշխատավարձը միջինից ցածր է, պետությունը ավելի մեծ չափով սուբսիդավորում կիրականացնի:

«Այն անձինք, ովքեր աշխատանք չունեն, այս երեք տարիների ընթացքում կարող են կամավոր միանալ ապահովագրական համակարգին՝ վճարելով ապահովագրավճարը: Եթե ուզում են, որ պետությունը ևս իրենց նկատմամբ կիրառի սուբսիդավորումը, ապա պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները: Մեր երկրում արդեն ամեն տարի ընդլայնվում է անհատական հայտարարագրման համակարգը, եթե անձը հայտարարագրում և նրա հանրագումարային եկամուտները ևս միջին աշխատավարձից ցածր են, ապա, այո, նաև ևս կօգտվի պետության կողմից սուբսիդավորման երաշխիքներից», - ներկայացրեց Ավանեսյանը:

Կառավարությունը երեկ հաստատել է առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը: 2023-ը նախապատրաստական տարի է, իսկ 2027-ից այն կգործի ամբողջությամբ:

XS
SM
MD
LG