Մատչելիության հղումներ

Առողջության համընդհանուր ապահովագրությունն առաջարկվում է ներդնել փուլերով՝ մինչև 2027-ը


Հիվանդանոց Հայաստանում, արխիվ
Հիվանդանոց Հայաստանում, արխիվ

Առողջապահության ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծն է ներկայացրել նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը:

Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել Հայաստանի ամբողջ բնակչության համար:

Առաջարկվում է համակարգը ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ: «Ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից», - ասված է Կառավարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Խորհրդակցության ժամանակ արծարծվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ:

Վարչապետը հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, և լրամշակել նախագիծը:

XS
SM
MD
LG