Մատչելիության հղումներ

Որքանո՞վ են Շիրակի մարզի բուժհաստատությունները պատրաստ առողջապահական ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմանը


Առողջապահական ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմանն ընդառաջ Շիրակի մարզի բժիշկները բարձրաձայնում են բժշկական սարքավորումների ու մասնագետների պակասի մասին։

Մոտ 240 հազար բնակիչ ունեցող մարզում, օրինակ, մամոգրաֆիկ սարք չկա։ Հիվանդները ստիպված են թանկարժեք հետազոտության համար հավելյալ գումար ծախսել ու հասնել մայրաքաղաք։

Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու Լեյլի Ասլանյանը հուսադրում է՝ հերթի մեջ են. - «Առողջապահության նախարարությունը իրականացնում է սքրինինգային ծրագրեր։ Մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիր է իրականացվում Լոռու մարզում։ Շուտով մեր Շիրակի մարզում ևս այդ սքրինինգային ծրագիրը հասանելի կլինի։ Կունենանք մամոգրաֆիկ սարք»։

Կառավարությունն այս տարի նախապատրաստական փուլ է հայտարարել, ապահովագրության համակարգը մինչև 2027 թվականը փուլ առ փուլ պարտադիր կդառնա բոլորի համար։

Գյումրիում շատերը տեղյակ չէին այս բարեփոխումից, իսկ ովքեր էլ տեղյակ էին ու կողմ դրան, այնուամենայնիվ մտավախություններ ունեին, որ համակարգը հնարավոր է չգործի։

Որքանով են մարզի բուժհաստատությունները պատրաստ նոր համակարգի ներդրմանը։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարն ասում է՝ ամեն ինչ գույքագրել են ու ներկայացրել նախարարությանը. - «Հագեցվածության վերաբերյալ, լաբորատոր, գործիքային, նաև կադրային հագեցվածության վերաբերյալ։ Նաև բուժհաստատությունների շենքային պայմանների ուսումնասիրություններ են անցկացվում»։

«Գյումրի» բժշկական կենտրոնը Գյումրիի միակ բազմապրոֆիլ հիվանդանոցն է։ 11 տարի առաջ բացված հիվանդանոցը շենքային խնդիր չունի: Ինչ վերաբերում է բուժսարքավորումներին, կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ընդունում է՝ երևանյան հիվանդանոցներին որոշակիորեն զիջում են. - «Գյումրու բժշկական կենտրոնի հագեցվածությունը, կարծում եմ, թույլ տալիս է իրեն, ի տարբերություն շատ մարզերի, որոնք այսչափ հագեցված չեն, որպեսզի սպասարկեն ապահովագրական ընկերությունների շահառուներին»։

Երևանում հատկապես մասնավոր բժշկական կենտրոններն են հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Ի՞նչ են անելու, որ ապահովագրություն ունեցող պացիենտը չգնա Երևան, արդյոք կարող են մրցակցել մայրաքաղաքի մասնավոր բուժհաստատությունների հետ։ Այս հարցին Խաչատրյանն արձագանքեց. - «Մասնագիտական առումով եզակի մասնագիտություններ կան, որ մարզերում չունենք։ Եվ ոչ միայն Շիրակի մարզում է, դա ընդհանրապես մարզերի կտրվածքով է։ Կենտրոնացված է մայրաքաղաքի մեջ։ Խոսքը վերաբերվում է կրծքային վիրաբուժությանը... Որոշակի մասնագիտություններ կան, որոնք համար, ուզես թե չուզես, գործողություն է, որը պետք է լինի Երևանում։ Բայց մեծ մասամբ դեպքերում մենք ունենք այն ամենը, ինչից հիվանդը կարող է օգտվել»։

Բժշկական պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը կառավարության նիստում ներկայացրած Առողջապահության նախարարը խոստանում էր, որ առաջիկա երեք տարվա ընթացքում հիսուն բժշկական կենտրոն կվերազինեն, նորերը կկառուցեն։

Նախնական հաշվարկներով, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան կվճարի 150-200 հազար դրամ, այսինքն՝ ամսական մինչև 17 հազար դրամ։

XS
SM
MD
LG