Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը


Ըստ Առողջապահության նախարարի, սկզբում այն կամավոր սկզբունքով կգործի, իսկ 2027 թվականից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր։

«Մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք, մինչև, այսպես ասած՝ դանակը ոսկորին չի հասնում», - այսօր կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Որ դանակը ոսկորին չհասնի, կառավարությունը կանցնի առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի։ Կառավարության նիստում ընդունվեց հայեցակարգը։ Ըստ Առողջապահության նախարարի, 2025-ից թոշակառուները կունենան փաթեթ, իսկ 2027-ից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր. - «Մենք նախատեսել ենք, որ աշխատանքները կսկսվեն 2023 թվականին, որը կլինի նախապատրաստական փուլը»։

Այսինքն՝ այս տարի ծառայությունների փաթեթը կմշակեն, ամբողջական կդարձնեն, գները կհաստատվեն, կորոշվի պետության համաֆինանսավորման չափը, ինչը, նախարարի խոսքով, «կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ, որ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբին՝ մեկ այլ փաթեթ»։

Ըստ հայեցակարգի, միջին աշխատավարձից ցածր վարձատրվող քաղաքացիներն առողջապահական փաթեթ ունենալու համար ավելի քիչ կվճարեն, մի մասը պետությունը կտրամադրի։ Փաթեթով կվճարվեն վիրահատությունները, հիվանդանոցային բուժման ընթացքում բոլոր ծախսերը։ Փաթեթ կլինի նաև քրոնիկ հիվանդների դեղերի հատկացման համար։ Փաթեթում ներառված չեն լինի պլաստիկ վիրահատությունները, հավելյալ խնամքի ծառայությունը, հիվանդասենյակի վճարը, որոշ դեպքերում՝ նաև վերականգնողական ու հետվիրահատական բուժումները։

«Կարծում եմ, որ պարտադիր սկզբունքով դառնալը շատ կարևոր է, քանի որ հայ հասարակության շրջանում այդքան էլ ընդունված չէ, երբ որ մարդիկ տարեկան գոնե մեկ անգամ պարտադիր գնան իրենց առողջությանը հետևեն», - ասում է երևանաբնակ մի կին, որը կողմ է պարտադիր համակարգին։

Նա առաջարկում է ընդլայնել բժշկական ծառայությունների ցանկը. - «Քաղցկեղով հիվանդ մարդկանց պարագային, կարծում եմ, որ պարտադիր է, որպեսզի իրենց փաթեթը ամբողջական լինի»։

Քաղցկեղով հիվանդ մարդկանց քիմիաթերապիայի համար 1,6 մլն դրամ կհատկացվի։

Մասնագետները սա բավարար չեն համարում, էական չափով չեն նվազելու ծախսերը։

Ուռուցքաբան-վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե շատերի համար 1,6 միլիոն դրամը մեկ, երկու կուրս քիմիաթերապիայի գումար է. - «Պարզվելու է, որ, այո, կան պացիենտներ, որոնք ստիպված են լինելու էլի մտածել ֆինանսական միջոցներ գտնելու մասին»։

Նախնական հաշվարկներով, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան կվճարի 150-200 հազար դրամ, այսինքն ամսական մինչև 17 հազար դրամ։

Մեկ այլ երևանցու ապահովագրության պարտադիր համակարգը չի ոգևորել. - «Լսել եմ դրա մասին, բայց օգտվել... գիտե՞ք ինչ, չէ։ Ինչքան հնարավոր ա, ես քիչ բաներից օգտվեմ։ Ինչից օգտվում ենք, տուժում ենք ավելի շատ»։

Նա դժգոհ է, օրինակ, մեքենաների պարտադիր ապահովագրությունից, ու այդ օրինակով էլ չի վստահում, որ նորմալ կգործի համակարգն ու կթեթևացնի մարդկանց բեռը. - «Ցանկացած ապահովագրությունը... էդ ինստիտուտը մեր մոտ կայացած չի։ Դրա համար էլ ինչ ուզում անում են։ Ես ամեն տարի փող տամ, որ, օրինակ, հինգ տարին մեկ մի հատ բժշկի գնամ, մի էրկու կոպեկ իրանք տան, եսիմ տան թե չտան, հազար պատճառ կբռնեն»։

«Եթե մենք սպասենք, թե երբ առողջապահական համակարգը պատրաստ կլինի, գուցե երբեք պատրաստ չլինի։ Միգուցե էս որոշումը խթան լինի, որ մինչև 2027 թվականը ինքը պատրաստ լինի», - ասում է Բժշկական համալսարանի դասախոս Արմեն Մկրտչյանը։

Նրա կարծիքով, չորս տարին քիչ ժամանակ չէ համակարգը բոլոր քաղաքացիների պարտադիր ապահովագրությանը պատրաստելու համար. - «Ես գտնում եմ, որ ամեն դեպքում ապահովագրական բժշկությունը մեկ քայլ առաջ է ավելի որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար»։

Մասնագետների կարծիքով, նաև համակարգը պատրաստ չէ նման մեծածավալ փոփոխության։

Իսկ Առողջապահության նախարարը վստահեցնում է, թե երեք տարվա ընթացքում հիսուն բժշկական կենտրոն կվերազինեն, նորերը կկառուցեն։

XS
SM
MD
LG