Մատչելիության հղումներ

Ադրբեջանի այսօրվա «նպատակը120 հազար հայերին նույնպես տեղահանելն է»․ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցն է


Հայաստանի ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին
Հայաստանի ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

«35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր տանն ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում»

35 տարի առաջ տեղի ունեցած այս արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրեցին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, իր ուղերձում ասել է Վահագն Խաչատուրյանը՝ շեշտելով՝ դրա նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:

Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով, ըստ նախագահի, կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում։

«Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում», - նշել է Խաչատուրյանը՝ շարունակելով․ - «Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի»։

Ադրբեջանի այսօրվա «նպատակը120 հազար հայերին նույնպես տեղահանելն է»

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափակված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է, իր հերթին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պաշտոնական Երևանը շեշտում է՝ Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:

«Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Արտգործնախարարությունը կրկին ընդգծում է՝ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:

Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական։

«Սումգայիթի կոտորածը դարձավ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական և ցեղասպան քաղաքականության առաջին լայնածավալ դրսևորումը։ Սումգայիթի ջարդերը հիմք դարձան Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության վերակենդանացման համար», - հայտարարել է Արցախի ԱԳ նախարարությունը։

Ստեփանակերտը շեշտում է, որ նույնիսկ 35 տարի անց Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ճնշման, ահաբեկման, մարդու իրավունքների կոպիտ խախտման, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, վտարման և էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։

«Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում և շարունակելու պայքարը հանուն ազատության, անկախության, ժողովրդավարության և մարդու իրավունքների։

Խոնարհվում ենք Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց քաղաքականության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ և ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ընդհատելու Ադրբեջանի անօրինական գործողությունների արատավոր շրջանը, կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին», - ասված է հայտարարության մեջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG