Մատչելիության հղումներ

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, ասված է Կառավարության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Սումգայիթի ջարդերի 33-ամյակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը։

«33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման և ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության: Մարդու իրավունքների իրականացման փորձին Ադրբեջանը հակադրեց հավաքական պատժի քաղաքականությունը` Սումգայիթ քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների», - ասված է հայտարարությունում։

«Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Ադրբեջանի մյուս քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին: Ավելին, նման ոճրագործությունների աներկբա արդարացումը, խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, հայերին սպանելու համար մարդասպանների հերոսացումն իրենց արտացոլումը ստացան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառման միջոցով հանգուցալուծելուն ուղղված ադրբեջանական իշխանությունների ջանքերում:

Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շարունակելով․ - «Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնք հանդիսանում են զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ: Հավատարիմ մնալով ահաբեկչական խմբավորումների իրենց գործելաոճին՝ Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում էին վայրագություններ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացնում պատմամշակութային կոթողներ և պղծում սրբավայրեր: Հադրութում և ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ հայտնված Արցախի այլ բնակավայրերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց գնդակահարությունները հանդիսացան նախկինում իրականացված հանցագործությունների չդատապարտման արդյունք»:

«Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում ենք իրենց պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և համայն հայության հաստատակամությունը», - ասված է հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG