Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է շուրջ 190 փախստական ընտանիքի ևս բնակարանի գումար տրամադրել


Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, 28-ը փետրվարի, 2020թ.
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, 28-ը փետրվարի, 2020թ.

Սումգայիթի ջարդերից մազապուրծ Ֆլորիդա Ղազարյանի ընտանիքը հայրենիքում էր ապահովություն փնտրել, սպասված հանգստությունը, սակայն, երկար չէր տևել. ժամանակավոր կացարան էին տեղափոխվել։ Հույս ունեին՝ սեփական տուն ունենալ, Սովետական իշխանությանը հաջորդեցին անկախ Հայաստանի իշխանությունները, հաջորդաբար էլ խոստումներ ու հուսադրումներ՝ շատ շուտով կիրականանա սպասված ցանկությունը։ Անցավ ավելի քան 30 տարի, հույսն արդեն կորցրել էր։

«Ինձ թվում է, թե արդեն կլինի, որովհետև այսքան ժամանակ ոչ մի գումար, ոչ մի բան չէր փոխանցվում», - ասաց Ֆլորիդա Ղազարյանը։

Կառավարությունն Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում բնակվող քաղաքացիներին նոր բնակարաններ ձեռքբերելու համար պահուստային ֆոնդից անցած տարի շուրջ 1,5 միլիարդ դրամ է հատկացրել։ Ծրագրով նպատակ ունեն Երևանում բնակվող 112 ընտանիքի տան խնդիրը լուծել։ 1 սենյականոց բնակարան գնելու համար տիկին Ֆլորիդան շուրջ 12 միլիոն դրամ կստանա, միայնակ է ապրում, դուստրն ամուսնացել ու գնացել երկրից, իսկ տղան էլ մահացել է տարիներ առաջ։

Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց. «Հանրակացարաններում, մանկապարտեզի, դպրոցի, հոսպիտալի շենքերում, ընդհուպ մինչև շնաբուծարաններում ապրող ընտանիքներ ունեինք և իրենց կացարանի խնդիրն առ այսօր չէր լուծված»։

Նման պայմաններում ապրող փախստական ընտանիքների թիվն ավելի քան 2500 է, որից 1070-ը Երևանում, իսկ 1519 մարզերում։

«Մենք արդեն իսկ ունենք ծրագրի շարունակության՝ երկրորդ փուլի ֆինանսական միջոցները, որը ավելի մեծ է, քան առաջինն էր՝ 2,1 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Եթե առաջին փուլով 112 ընտանիքների մասին ենք խոսում, երկրորդ փուլով մենք 180-190 ընտանիք նախնական մեր հաշվարկներով կկարողանանք որպես շահառու ընդգրկել», - ասաց Դավթյանը։

Ժասմին Գրիգորյանն էլ է Սումգայիթի ջարդերից հետո բռնի Հայաստան տեղափոխվել։ Բնակարանի խնդիրը լուծվել է տարիներ առաջ՝ միջազգային ընկերություններից մեկի ֆինանսավորմամբ, սակայն փաստում է այս տարիներին իրենք պետության ուշադրությունից հեռու են եղել։ Պետությունը Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականներին հատուկ կարգավիճակ պետք է տար, ինչը չարեց։

Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը ներկայիս իշխանություններից է նման քայլեր ակնկալում։ Քանի որ, ըստ մարդու իրավունքների նախկին պաշտպանի, փախստականները 3 տասնամյակ անց էլ դեռ լրիվ չեն ինտեգրվել հասարակությանը։

«Նրանք ունեն աշխատանքի վայրի խնդիր, շատերի ամենամեծ խնդիրը առողջական խնդիրն է, վերջապես այդ մարդիկ պետք է վերցվեին հենց ի սկզբանե հատուկ կրկնում եմ բժշկական, ավելի շուտ հոգեբանական վերականգնման աշխատանքների որևէ ծրագիր պիտի լիներ», - նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ալավերդյանը նոր օրենսդրական նախաձեռնության կարիք է տեսնում, դեռ տարիներ առաջ ինքն էր նման առաջարկ արել, երբ պատգամավոր էր, հիմա հույս ունի՝ սայլը տեղից կշարժվի։

XS
SM
MD
LG