Մատչելիության հղումներ

«Սա պետք է դառնա դատավարության հիմք». հայ փաստաբանը՝ ադրբեջանցի լրագրողի հոդվածի մասին


«Նեզավիսիմայա գազետա»-ի լոգոն, արխիվ
«Նեզավիսիմայա գազետա»-ի լոգոն, արխիվ

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն երեկ «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել և ինչպե՞ս է եղել» վերնագրով շատ ծավալուն հոդված է հրապարակել։ Հոդվածի հեղինակն է ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովը։

«Ազատությանը» հաջողվեց պարզել, որ «Նեզավիսիմայա գազետա» թերթի հետ խորհրդային երկրների հարցերով զբաղվող բաժնի լրագրողների համար այս հոդվածը նույնպես անակնկալ էր։ Մեր հարցմանը թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը դեռ չի արձագանքել։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն «Ազատությանը» տեղեկացրել է, որ զբաղվում են այս հարցով և աննկատ նման հոդվածը ռուսաստանյան թերթում չեն թողնի։

Հոդվածը սկսվում է КГБ-ի արխիվների ծառայողական փաստաթղթերից, որոնցում իբրև թե ասվում է, թե թերևս անցած դարի 50-ական, 60-ական թվականներից հայերը Խորհրդային Միության տարածքում Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ գաղտնի կազմակերպություններ էին ստեղծում ի վնաս ադրբեջանցիների։ Հեղինակը փորձում է իր ծավալուն հոդվածում ապացուցել, որ Սումգայիթյան ջարդերի հիմնական պատճառը հայերի տասնամյակներ շարունակ կազմակերպված դավադրությունն է, որ այդ ջարդերն անմիջապես հրահրել և իրականացրել են հենց հայերը։

Հոդվածում գրված է նաև. «Սումգայիթյան ջարդերի նախօրեին Հայաստանից փախստականներով ուղևորատար գնացք է ժամանել Բաքվի Սաբունչի կայարան։ Գնացքում Հայաստանում սպանված ադրբեջանցիների 52 դի էր, նրանցից 8-ը նախկինում Սումգայիթի բնակիչներ էին»։

Այնուհետև նյութում նշված իբր թե սպանված ադրբեջանցիների թիվը փոխվում է, նշված է 100-ավոր սպանվածների մասին և մանրամասն նկարագրված է, թե ինչպես են հայաստանցի հայերը դաժանաբար բռնաբարել և սպանել Հայաստանում ապրող ադրբեջանցիներին։

Հոդվածի հեղինակի փոխանցմամբ՝ հայերը այս սպանությունները նկարագրող թռուցիկներ են նախապատրաստել և տարածել Սումգայիթում և այդ նույն հայերը կազմակերպել և իրականացրել են Սումգայիթի սպանությունները։

Հիշեցնենք՝ Սումգայիթում հայերի սպանությունը և տեղահանությունը տեղի է ունեցել 1988-ի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։

Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական տվյալներով, այդ ոճրագործությունների հետևանքով 27 հայ է սպանվել, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվածների թիվը մի քանի անգամ ավելի է։ Հայերի զանգվածային սպանությունները ադրբեջանական այդ քաղաքում դատապարտել էին Եվրախորհրդարանը՝ 1988-ին և Միացյալ Նահանգների Սենատը՝ 1989-ին։

Ռուսաստանում վերջին տարիներին խստացվել է լրատվամիջոցները վերահսկող օրենսդրությունը, և լրագրողներն ու բլոգերները բանտերում կարող են հայտնվել շատ ավելի, այսպես ասած, մեղմ տեղեկություն տարածելու համար։

«Ազատության» հետ զրույցում մոսկվայաբնակ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն այս հարցը մեկնաբանեց իրավական տեսանկյունից. «Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների օրենսդրության համաձայն, զանգվածային լրատվամիջոցը պարտավոր է հետազոտել լիարժեք, բազմակողմանի, և ԶԼՄ-ն պարտավոր է տալ խոսք բոլոր կողմերին, լինի օբյեկտիվ, այդ սկզբունքը խախտված է այս հոդվածում, սա միակողմանի տված նյութ է։ Այն էլ հիմնվում է նա ոչ թե անձի անձնական պատասխանատվության հիմքերի վրա, այլ էթնիկական, էթնիկ ծագման պատասխանատվության մասին է այստեղ խոսքը գնում»։

«Ազատություն». – Եթե ճիշտ եմ հասկանում, Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասն է նաև այս մասին խոսում։

Կիրակոսյան. - Որպես շարքային քաղաքացի կարող եմ ասել՝ այո, բայց որպեսզի տամ մասնագիտական գնահատական, պետք է հոդվածը անցնի փորձագիտական հետազոտություն, պատրաստ ենք զբաղվել այս հարցով։ Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ Սովետական Միության օրոք դեռ եղել են մեծ քանակությամբ դատավարություններ, դատավճիռներ, և համարվում է օրենքին համաձայն այն փաստը ապացուցված, որը դատավճռով կայացված է և հաստատված է։ Այսպիսի փաստեր, ինչ որ էս նյութերում գրված են, մենք ոչ մի դատավճիռ չունենք սրա վերաբերյալ, և ելնելով այդ մոտեցումից փաստաբանական, ես կարող եմ ասել, որ սա չապացուցված, էմոցիոնալ նյութեր են։

«Ազատություն». – Ձեր պատկերացմամբ, այս դեպքում ո՞ր ռազմավարությունն է ճիշտ, ուշադրություն չդարձնե՞լ նման հրապարակումներին, թե՞ գնալ դրանց ետևից։

Կիրակոսյան. – Պետք է անպայման պատասխանը տալ, չի կարելի այսպիսի հարվածները «կուլ տալ», պետք է պատասխան տալ հավասարաչափ։ Մինիմում՝ պետք է պահանջել թերթից, որ հրապարակվի այլ տեսակետ ևս, իսկ որպես մաքսիմում, սա պետք է դառնա դատավարության հիմք։

Հավելենք՝ հոդվածի վերջում հեղինակը գրել է, թե ուզում է հավատալ՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թեթև ձեռքով հասարակությունը կիմանա ճշմարտությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG