Մատչելիության հղումներ

Բաքվի ջարդերից փրկվածները մինչև հիմա սարսափով են հիշում 30 տարի առաջ տեղի ունեցածը


Բաքվի ջարդերից փրկված Կարինե Հայրապետյանը։
Բաքվի ջարդերից փրկված Կարինե Հայրապետյանը։

Պաշտոնական Երևանը Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի առիթով այսօր տարածած հայտարարությամբ Բաքվին մեղադրել է մինչև օրս շարունակվող էթնիկ զտումներ ու հայաթափում իրականացնելու համար։

«Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով», - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Նախարարությունը հայտարարում է՝ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի ջարդերի կազմակերպիչներն ու իրականացնողները։ Իսկ 1990 թվականի հունվարի ջարդերին Ադրբեջանի իշխանությունների թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Հայաստանի արտաքին գերատեսչությունը հիշեցնում է․ 1990 թվականի հունվարին օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում իրականացված հայ բնակչության ջարդերի ու զանգվածային տեղահանումների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, անդամախեղվեցին, անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ:

Երեք տասնամյակ առաջ տեղի ունեցածը Օկսաննա Մուսայելյանը սարսափով է հիշում։ Դժվարությամբ համաձայնեց վերապրածի մասին ևս մեկ անգամ պատմել։ Հիշում է՝ 90 թվականի հունվարի 14-ին ադրբեջանցիները ներխուժել էին իրենց տուն, դուրս հանել ընտանիքի անդամներին ու ասել, թե պետք է Բաքվից նավով տեղափոխվեն, չէին համաձայնել։

«Մեծ թվում էր, որ մենք հայտնվենք նավում, մեզ կխորտակեն կամ էլ կսպանեն։ Դա շատ վտանգավոր էր։ Մենք գնացինք հորաքրոջս տուն, նկուղում մնացինք, այդտեղ էլ պատանդ էին վերցրել։ Մենք գիշերեցինք նկուղում։ Մեզ ասացին՝ կամ բաց կթողնեն, կամ էլ կսպանեն՝ կախված նրանից, թե ինչպես կվարվի հայկական կողմը ադրբեջանցի պատանդերի հետ», - պատմեց նա:

Օկսաննան ասում է՝ բախտն իրենց ժպտացել էր, և պատանդառու ադրբեջանցիներից մեկը նրանց ազատ էր արձակել, ու Բաքվից իրենց ընտանիքին ու հարազատներին հաջողվել էր հեռանալ։ Բարեբախտաբար իր հարազատների որևէ մեկը չի զոհվել ջարդերի ընթացքում, սակայն իրենց ամբողջ ունեցվածքն Ադրբեջանի մայրաքաղաքում է մնացել։ Հիմա էլ գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է նման պետության հետ որևէ կապ զարգացնել, հատկապես վերջին դեպքերից հետո։

Բաքվի ջարդերից 2 տարի առաջ Կարինե Հայրապետյանը ամուսնու, երեխաների հետ դուրս եկավ Բաքվից, հարազատներից մեկն էր Սումգայիթի ջարդերի մասին պատմել։ Ամեն ինչ թողեցին Ադրբեջանում, եկան Երևան․ - «Սաղ մեր չորս կողմը հայեր էին։ Սաղ դուրս էկան, վերջում մենք ասինք՝ բա մե՞նք ստեղ մնանք ինչ անենք։ Մենք էլ թողինք, էրեխեքին վերցրինք, լիքը տունս-տեղս թողեցի»։

Երևանում ամեն ինչ զրոից էին սկսել։ Պետությունից Երևանի հանրակացարանից մեկում 30 քառակուսի մետրանոց սենյակ էին ստացել։ Տարիներ շարունակ անմխիթար պայմաններում ապրելուց հետո նոր-նոր հույսեր ունեն՝ կարող է բնակարան ստանան։

Բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվն ավելի քան 2500 է, նրանց մի մասը Երևանում, իսկ մյուս մասը մարզերում են բնակվում։ Պետությունը Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներից 155-ին անցած տարի արդեն ֆինասնավորվել բնակարան ձեռքբերելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG