Մատչելիության հղումներ

Շրջափակման պատճառով արցախցի դիմորդները չեն կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին


Ընդունելության քննություններ, արխիվ
Ընդունելության քննություններ, արխիվ

Ավելի քան 2 ամիս շրջափակված Արցախում սննդի, դեղորայքի պակասի, հոսանքի ու գազի պարբերական խափանումների պայմաներում նաև արցախցի երեխաների կրթության իրավունքն է ոտնահարվում։

Արցախցի դիմորդները չեն կարողացել մասնակցել Հայաստանում բուհական ընդունելության առաջին՝ ձմեռային փուլի միասնական քննություններին։ Այժմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու այլընտրանքային տարբերակներ են քննարկում։

Հայաստանի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց՝ փաստացի 50 աշակերտ այսօր հայաստանյան բուհ ընդունվելու հնարավորություն ունի, սակայն դրանից օգտվել չի կարողանում։

«Իրենք անհավասար պայմաններում են, նրանցից 31-ը մեկ քննություն է հայտագրել, 19-ը՝ երկու քննություն։ Իրենց բոլորի համար նախատեսված էր, որ Գորիսի քննական կետրոնում պիտի հանձնեն, բնականաբար, չեն եկել ու չեն հանձնել, մնացածը տեսնենք՝ ինչպես կլինի», - ասաց Գրիգորյանը։

Քննարկվում է օնլայն տարբերակի հնարավորությունը, սակայն մի շարք չլուծված հարցեր կան։

Թե ինչ ժամկետում կկայացվի որոշումը, ԳԹԿ-ում չգիտեն, պետք է նաև Արցախի կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկեն։

Միասնական քննությանը մասնակցելու վերջին հնարավորությանը 3 ամիս է մնացել։ Արցախի կրթության նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն ասում է՝ թեև դեռ ժամանակ կա, բայց պետք է պլան Բ ունենալ։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ Գորիս ճանապարհը
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ Գորիս ճանապարհը

«Եվ Աստված գիտի ինչ է լինելու, ինչ է փորձվելու, կարող է ճանապարհը վաղը բացվի, կարող է դեռ 5-6 ամիս էլ չբացվի։ Էդ ժամանակ արդեն, եթե Հայաստանի հետ ճանապարհ չբացվի, դիմորդների թիվը և քննությունների հայտարարագրվածների թիվն ունենալու դեպքում, արդեն Հայաստանի Հանրապետության, Կրթության նախարարության, ինչպես նաև ԳԹԿ-ի հետ կքննարկենք, թե ինչ անենք, ինչ ձևով անենք, ինչպես ենք ստուգելու։ Էդ թեստերը ստանալը հեշտ է, որովհետև միշտ, ինչպես մեզ ուղարկում են, կամ մեր ԳԹԿ-ի տնօրենը հենց քննությունն ավարտվում է, իրենք փակում են էդ ծրարները, պեչատում են արկղերը և նույն ժամին, հենց դուրս են գալիս քննությունից, դեպի Հայաստան են ուղղում, և մյուս օրը հետները փաստաթղթերը բերում են։ Մենք նաև կարող ենք իրենց հետ քննարկել, թե ինչ ձևի կարելի է էդ բաները ստանալ, թեստերն ինչ ձևի ստուգել, որպեսզի իրենք հավաստի և նաև ընդունելի լինեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանի ԳԹԿ-ն է ստորագրում մեր երեխաների միասնական հավաստագրերը», - ասաց Մինասյանը։

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով 66 օր շրջափակման մեջ գտնվող տասնյակ հազարավոր երեխաներ այսօր նաև կանոնավոր կերպով դպրոց չեն կարողանում հաճախել. գազի բացակայության պայմաններում կրթության հաստատություններում շատ ցուրտ է, հոսանքի տատանումների պատճառով օնլայն դասընթացներ ևս հնարավոր չէ կազմակերպել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG