Մատչելիության հղումներ

Ամփոփվել են բուհերի ընդունելության քննությունների արդյունքները


Բուհերի ընդունելության քննությունների հիմնական փուլն ավարտված է, արդյունքները՝ ամփոփված։ Ավելի քան 11 հազար դիմորդներից ուսանող կդառնա 8 հազար 83-ը։

«Մրցույթից դուրս մնացածների թիվը 2 հազար 935, որի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր որ կտրվել են։ Իսկ կտրածների թիվը՝ 1546։ Կտրվածների թիվը պետք է բաժանել երկու մասի. այն դիմորդները, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել, և կան դիմորդներ, որոնք հանձնել եմ մեկ քննություն և այդ մեկ քննությունից էլ նորից անբավարար են ստացել», - այսօր հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ բուհերի թափուր մնացած տեղերը բավական շատ են. - «Թափուր մնացած տեղերի թիվը բավական մեծ է, որովհետև բացի պետական բուհերից, ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը։ Մոտավորապես 15 հազար տեղ դեռևս ունենք»։

Ամենապահանջվածը ՏՏ ոլորտն է։ Այս տարի դիմորդների թվով լավագույն հնգյակում էր հայտնվել «Սերվիս» մանսագիտությունը, ինչը, Նասիբյանի խոսքով, անակնկալ էր. - «Չնայած IT ոլորտի մասնագիտությունները բուհերը բաժանել են մի քանի հատվածների, այնուամենայնիվ այդ ոլորտը նորից պահանջված է։ Պահանջված է իրավագիտությունը։ Օրինակ, իրավագիտության դիմորդների թվի համարյա կեսը ընդունվել է, 22 հոգի ստացել են անբավարար գնահատական, և 135 հոգի դուրս է մնացել։ Պահանջված էր բուժական մասնագիտությունները, հիմնականում «Բուժական գործը» և «Ստոմատոլոգիան»։

Քիչ դիմորդներ են ունեցել քիմիային առնչվող մասնագիտությունները, փոքր պահանջարկ ունեն նաև կրոնագիտությունն, աստվածաբանությունը, արվեստաբանությունը, մշակութաբանությունը։

Մշտապես ուշադրության կենտրոնում գտնվող հայոց լեզու և հայ գրականության միասնական քննություն հանձնած 4 հազար 5 դիմորդներից կտրվել՝ նվազագույն 8 միավորի շեմը չեն հաղթահարել 519-ը՝ մասնակիցների 13 տոկոսը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր է հավաքել 386 դիմորդ։ Միջին միավորն այս տարի 12,26 է։ 2019-ին, օրինակ, հայոց լեզվից կտրվել էր դիմորդների շուրջ 20 տոկոսը։

Նասիբյանի խոսքով, հայոց լեզվի քննության արդյունքները տարիների միջին ցուցանիշն է։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, հայոց լեզվից կտրվածների թիվը նորմայի սահմաններում է, քննության արդյուքնեերը բավարար են. - «Ցանկացած քննությունից, բնականաբար, պետք է մարդկանց որոշակի խումբ անբավարար ստանա։ Հակառակ դեպքում կլինի, որ էդ տեքստը լավ չի կազմված։ Եթե շատ են կտրվում, դա խնդիր է, եթե քիչ են կտրվում, դա խնդիր է։ Բայց 13-15 տոկոսը նորմայի սահմաններում է»։

Խաչատրյանն, այդուհանդերձ, ընդգծում է, որ դիմորդներն իրենց գնահատականները ապահովել են ոչ միայն դպրոցական ծրագրով, այլև կրկնուսույցների մոտ պարապելով։ Փորձագետի խոսքով, միգուցե կտրվողները անբավարար են ստացել, քանի որ ինքնուրույն են պատրաստվել։

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի գնահատմամբ, հայոց լեզվի ուսուցման հարցում պետք է առաջնահերթություն տալ գեղեցիկ ու գրագետ խոսք կառուցելու հմտությունների ձևավորմանը, ինչին պետք է նպաստի ընթերցանությունը։

Ըստ Կատվալյանի, երեխաներն այսօր հայոց լեզվից կաղում են, քանի որ քիչ են կարդում. «Քիչ են կարդում մեր գեղեցիկ գրականությունը, մեր հարուստ գրականությունը։ Շատ կարևոր է, երբ նա կարողանում է իր մայրենի լեզվով ճիշտ մտածել, և այդ մտածողության վրա կառուցում է իր ասելիքը, իր հետազոտությունը, իր գիտելիքը»։

Միասնական քննությունները շտեմարաններով են անցկացվում։ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն ընդգծում է՝ ամբողջ կրթական համակարգը առաջնորդվում է երեխաներին այդ քննություններին պատրաստելով, սակայն շտեմարանների հարցերն իմանալ-չիմանալը գիտելիքը չի որոշում. - «Դա լեզու չէ, լեզվի մասին գիտություն չէ, լեզվի ուսուցման եղանակ չէ։ Ես կարծում եմ, պետք է փոխել ընդունելության քննության եղանակը, և, իմ կարծիքով, լավագույն տարբերակը ստեղծագործական շարադրանք է»։

XS
SM
MD
LG