Մատչելիության հղումներ

«Ուսանողի նկատմամբ հետապնդում է եղել». իրավապաշտպանը՝ ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին համալսարանից հեռացնելու մասին


Տարոն Մանուկյան
Տարոն Մանուկյան

Արևելագիտության ֆակուլտետի արդեն նախկին ուսանող Տարոն Մանուկյանը դատի կտա Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը իրեն համալսարանից հեռացնելու համար։

«Համոզված եմ, որ որոշումը, որ կայացվել է, ապօրինի է», - ասում է նա։

Տարոն Մանուկյանին համալսարանից հեռացրել են քննությունները չհանձնելու հիմքով։ Նա չի կարողացել հանձնել, քանի որ կալանավորված է եղել։

Տարոնը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։ Դաշնակցական է։ Վարչապետի հրարաժարականի պահանջով ցույցերի ու բողոքի ակցիաների ակտիվ մասնակից։ Մայիսից կալանավորված էր Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործով։ Համալսարանից հեռացնելու որոշման հաջորդ օրը գրավի դիմաց ազատ արձակվեց։

«Մարդիկ կան, որ դատապարտյալի կարգավիճակով հնարավորություն են ստանում ընդունվելու համալսարան, ավարտելու համալսարանը, և այդ ողջ պրոցեսը կատարվում է կալանավայրում է», - պնդում է նա։

Տարոնը բանտում շարունակել էր պարապել, որ թեկուզ հեռավար հանձնի քննություններն ու փոխադրվի չորրորդ կուրս, բայց համալսարանը թույլ չէր տվել. - «Քննություններիս լիարժեք պատրաստ էի ու վստահ էի, որ կարող եմ հանձնել»։

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է դիմել բուհի ղեկավարությանը, որ իրենց ուսանողը հեռավար հանձնի քննությունները։ Մերժել են, թե՝ այս ֆակուլտետի համար հեռավար ընթացակարգ չկա։

«Եթե մարդը ունի սովորելու ցանկություն, ես կարծում եմ, ամեն կերպ պետք է օգնել նրան», - ասում է Մելքոնյանը։

Ապա դեկանը հանձնաժողով է կազմել, առաջարկել է գնալ և տեղում՝ «Արթիկ» քրեկատարողական հիմնարկում քննություններն անցկացնել։ Ռեկտորատն այս տարբերակն էլ է մերժել։

Երևանի պետական համալսարանի ռեկտորը Հովհաննես Հովհաննիսյանն է, որը մինչև համալսարան տեղափոխվելը իշխող խմբակցության պատգամավոր էր։

«Եվ պատասխանը բավական ուշ եղավ և ոչ հստակ, որ այուամենայնիվ պետք է պահպանել քննության սահմանված ձևը, այսինքն՝ քննությունը լինի համասլարանում», - փոխանցեց Մելքոնյանը։

Կալանավայրում քննություններն անցկացնելու լիազորությունը բուհի ղեկավարությանն է։ Արդարադատության նախարարությունից ասում են, որ եթե բուհի ղեկավարությունը թույլ տար, իրենք կաջակցեին կազմակերպչական հարցում։ Համասլարանի վարչակազմից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին։ Ասացին, որ պարզաբանում են տարածել, որին ավելացնելու ոչինչ չունեն։

Ըստ այդ պարզաբանման, կառավարության 2005 թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշմամբ արևելագիտությունն այն մասնագիտությունների ցանկում է, որ հեռավար ընթացակարգով ուսուցում չի թույլատրվում, քննությունները կազմակերպվում են ուսումնական մասնաշենքերում։ Այլ ընթացակարգը, ըստ պարզաբանման, ենթադրում է իրավախախտում։

«Այդ նույն գործով կարծեմ ուրիշները ավելի վաղ էին ազատվել։ Այն, որ Տարոնը այս երկրի թիվ մեկ հանցագործը չէ, և կարող էր ավելի ճկուն մոտեցում ցուցաբերվել, ես վստահ եմ, որ դրա հնարավորությունները կային», - ասում է Ռուբեն Մելքոնյանը։

Զարուհի Հովհաննիսյան
Զարուհի Հովհաննիսյան

Այդ ինչպե՞ս էր, որ քովիդի համաճարակի ժամանակ փոխվեցին որոշումներն ու բոլորն անցան հեռավար կրթության։ Այդ թվում արևելագիտության ֆակուլտետը։ Հիշեցնում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Այս դեպքում էլ համալսարանը պետք է ապահովեր ուսանողի կրթության իրավունքը. - «Արտակարգ իրավիճակներում, երբ երկրում համավարակ է լինում, երկրում կարող լինել պատերազմական իրավիճակ, կրթությունը ճկունորեն փոխում է իր մոտեցումները և անցնում է հեռավար ուսուցման, անցնում է արտագնա դասերի, միգուցե կտեղափոխի նաև այլ տարածք, եթե լինի տարածքի հետ կապված խնդիր։ Բայց այն պարագայում, երբ կոնկրետ անձի իրավունքը պետք է պաշտպանվի և նա շարունակի կրթությունը, համալսարանն ընդառաջ չի քայլել»։

Ըստ իրավապաշտպանի, համալսարանը պատժիչ մահակն է գործի դրել, գուցե քաղաքական նպատակներով։ Նախադեպ է, որ կալանավայրում հայտնված մարդը ցանկանում է շարունակել կրթությունը, և համալսարանը խոչընդոտելու փոխարեն պետք է աջակցեր. - «Ոչ միայն իրավաչափ չեմ համարում, այլև համարում եմ, որ որոշակիորեն հետապնդում է եղել։ Եվ ոչ թե համալսարանն է քայլել ուսանողին ընդառաջ, այլ ուսանողին ուղղակի ապօրինաբար դուրս են թողել համալսարանից»։

Եթե դատարանը բավարարի բողոքն ընդդեմ համալսարանի, ուսանողը կվերականգնվի չորրորդ կուրսում, եթե ոչինչ չփոխվի, հաջորդ տարի քննությունները կհանձնի ու ուսումը կշարունակի ցածր կուրսից։

«Մինչ այդ համալսարան ու ընկերներիս կայցելեմ ազատ ունկնդրի կարգավիճակում», - կատակում է Տարոն Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG