Մատչելիության հղումներ

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 20 հազարի


Թուրքիայի հարավ արևելքում, Սիրիայի սահմանի մոտ երկուշաբթի տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվածների թիվը մոտենում է 20 հազարի։ Սիրիայում ավելի քան 3 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայում զոհվածների թիվը հասել է 16 հազար 170-ի։ Այս թիվն այսօր հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա այսօր Անկարայից ուղևորվել է աղետից տուժած ևս երեք նահանգներ։ Էրդողանը աղոթել է փրկվածների համար տեղադրված վրանում և ներկայացել երկրաշարժի հետևանքների վերջին տվյալները։ Նա նաև նշել է, որ ավելի քան 6 հազար 400 շենք է փլուզվել:

Ադիյաման քաղաքում Հայաստանից մեկնած փրկարարները փլատակների տակից երեխա են դուրս բերել։ Այս ամսին «Ազատությանն» ասել է «Ագոսի» խմբագիրներից Բագրատ Էստուկյանը։ Քաղաքի մեկ այլ հատվածում միջազգային ոչ կառավարական կազմակերպության անդամները և իսպանացի հրշեջները վեց ժամ շարունակված փրկարարական գործողությունից հետո կարողացել են փլատակների տակից ողջ դուրս բերել մի տղամարդու, նրա 12-ամյա աղջկան, բայց տղան մահացել է։

Փլատակների տակից հաջողվում է դուրս բերել երեխաների, տղամարդկանց ու կանանց, այդ դրվագների տեսանյութերը արագ տարածվում են ինտերնետում, բայց երկրաշարժից չորս օր է անցել ու ողջ մարդկանց գտնելու հույսերը գնալով նվազում են։ Զոհերի թիվը կարող է աճել։

Ընդդիմադիր գործիչների կողմից Էրդողանի հասցեին քննադատությունները գնալով աճում են։ Նրանք դժգոհություն են հայտնում երկրաշարժին պատրաստ չլինելու, պետական ապարատի թույլ արձագանքի համար։

Էրդողանը պնդել է, որ հնարավոր չէ պատրաստվել այսքան մեծ աղետի։

Երեկվանից նա սկսել է աղետի գոտու բանակավայրեր այցելել։ Հանդիպումներում Էրդողանը պնդում է, որ պետությունը մոբիլիզացրել է իր բոլոր կարողությունները տուժածներին օգնելու համար։ «Մեր քաղաքացիները չպետք է անհանգստանան, մենք երբեք թույլ չենք տա, որ նրանք մնան անպաշտպան»,- ասել էր Թուրքիայի առաջնորդը՝ խոստանալով երկրաշարժից տուժած յուրաքանչյուր ընտանիքի 10 հազար լիրա հատկացնել, դա 530 դոլար է։

Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է երկրաշարժից տուժածներին ժամանակավոր կացարանով ապահովելու համար։ Նա ասել է, որ ամբողջ Թուրքիայով մեկ կառավարական հյուրատներում, հանրակացարաններում, հյուրանոցներում ավելի քան 15 հազար 700 մարդ է տեղավորվել։

Լրատվամիջոցների ռեպորտաժներում նշվում է, որ աղետի գոտու բնակիչներից շատերը չեն ցանկանում հեռանալ, դեռ հույս ունենալով, որ փլատակների տակ կհայտնաբերվեն իրենց հարազատները։

Երկրաշարժը ցնցել է Թուրքիայի 10 նահանգներ, որտեղ 13 միլիոն մարդ է ապրում։ Այդ նահանգներում Էրդողանը երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել, որը փաստորեն կավարտվի մայիսի 14-ին նշանակված համապետական ընտրությունների նախաշեմին։

Թուրք պաշտոնյաներից մեկը «Ռոյթերսին» ասել է, որ դեռ վաղ է քննարկել ընտրությունները, հաշվի առնելով, որ Թուրքիայի բնակչության 15 տոկոսը ապրում է աղետի գոտում։ «Տվյալ պահին շատ լուրջ դժվարություններ կան մայիսի 14-ին պլանավորած ընտրությունները անցկացնելու համար», - ասել է թուրք պաշտոնյան։

«Ռոյթերսը» նշում է՝ առաջիկա ընտրություններում Էրդողանը կբախվի ամենալուրջ մարտահրավերին իր իշխանության երկու տասնամյակի ընթացքում:

Թուրքիայում որոնողական-փրկարարական աշխատանքներում ավելի քան 100 հազար մարդ է ներգրավված, շուրջ վեց հազար փրկարարներ ժամանել են արտերկրից, այդ թվում՝ փոքր ջոկատ Հայաստանից։ Թուրքիան օդային միջանցք է բացել հումանիտար օգնություն և փրկարարներ բերող օդանավերի համար։ Թուրքիային օգնում են նաև Անկարայի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրները, նույնիսկ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան։

Իսկ Ներքին հակամարտություններից բզկտված, պատժամիջոցների տակ գտնվող Սիրիան դրսից քիչ օգնություն է ստանում։ Օգնության ձեռք մեկնած երկրներից մեկը Հայաստանն է, որտեղից հումանիտար օգնություն է ուղարկվել ու փրկարարների փոքր խումբ է մեկնել։ ՄԱԿ-ի հումանիտար օգնության առաջին շարասյունը այսօր հատել է թուրք-սիրիական սահմանը՝ մտնելով Սիրայի տարածք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG