Մատչելիության հղումներ

Հայաստանի փրկարարներն արդեն աղետի գոտում են


Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար։ Երկու խումբն էլ արդեն աղետի գոտում են։

Նախօրեին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, Թուրքիայի դեպքում՝ փրկարարներ։

Սիրիայում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ, փրկարարների հետ տեղ է հասել նաև մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այս բեռը խիստ անհրաժեշտ է համարում Սիրիայի հայ համայնքը։

«Երկրի շրջափակված ըլլալուն հետևանքով դեղորայքի, բժշկական շտապ օգնության սարքերու պակասն է։ Պատկերացրեք, երկրաշարժի պայմաններու մեջ նույնիսկ պետությունը հազիվ կկարենա, թեև որոշ արաբական երկիրներե օժանդակությունները հասան բարեբախտաբար, պետությունը ամբողջ իր տրամադրության տակ եղող հիվանդանոցներ, բուժկենտրոններ, շարժական բուժկետեր, ինչ որ կարելի է տրամադրած է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» հայկական պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Երկու երկրների հայկական համայնքներում զոհերի թիվը նախնական տվյալներով հասնում է 10-ի, 8-ը՝ Թուրքիայում, 2-ը՝ Սիրիայում։ Դեռ երեկ հաղորդվել էր, որ Հալեպում 4 հայ զոհ կա։ Պողիկյանի փոխանցմամբ, նրանցից երկուսը, բարեբախտաբար, ողջ են հայտնաբերվել. - «Միայն Հալեպի մեջ մենք ունեցանք երկու զոհ և տասը վիրավոր։ Երկուքը հիվանդանոցն են տակավին, վիրաբուժության ենթարկվեցան, կայուն է իրենց վիճակը։ Մնացյալը թեթև վնասվածքներ էին բարեբախտաբար։ Այսօր հուղարկավորությունը տեղի պիտի ունենա։ Իմ մոտիկ բարեկամներն էին, Թենեքեջյան ընտանիքն էր, մայրը Միրնա Թենեքեջյան, որ երիտասարդ, 49-ամյա կին մըն էր։ Իր որդին պատանի էր տակավին, մարզիկ էր, միջնակարգի ուսանող էր, Ալբեր Թենեքեջյան»։

Պողիկյանն ասաց, որ շարունակվող հետցնցումների պատճառով չեն կարողանում հաղթահարել վախը. - «Տունն էինք ընտանյոք, իրար գրկած կեցանք տան դռներուն մեջ՝ ենթադրելով, որ մի քանի երկվայրկյանե ցնցումը կկենա։ Բայց երբ որ տեսանք ուժեղ է և երկար տևեց՝ մոտավորապես երկու րոպե, և ըսկսան փուլ գալու ձայներ, կոտրտուքի ձայներ, մեր տան մեջ իրեր կոտրտվեցան, պատը ճեղքվեցավ...»

Պողիկյանը պատմեց, որ աղետի գոտում արտակարգ դրություն է հայտարարված, բաց են միայն սննդամթերքի խանութները, փակվել են աշխատատեղերը, բոլոր ուսումնական հաստատությունները։ Ջուրը, լույսը ժամով տալիս, պետությունը տուժածներին առաջին անհրաժեշտության սնունդ ու պարագաներ է տրամադրում։

«Հայ համայնքը նախ տնտեսական անմիջական օժանդակության կարիք ունի, դեղորայքի, սնունդի, բժշկական առաջին օգնության», - ասաց Պողիկյանը։

Նրա ընտանիքը երկու օր դրսում է գիշերել, ու չնայած բնակարանում ցնցումներից առաջացած ճաքերին ու վնասվներին, այսօր առավոտյան տուն են վերադարձել. - «Շատ ցուրտ է։ Երեկ գիշեր մենք դուրսը անձրի տակ մնացել ենք»։

Պետությունը ստուգել ու եզրակացրել է, որ նրանց տունը չի փլուզվի։ Շատ բնակարաններ, սակայն, դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Այս է պատճառը, որ շատերը ստիպված են բաց երկնքի տակ գիշերել.

Հարևան երկու երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն արդեն անցել է 10 հազարը։ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը ևս Հայաստանի կառավարության օգնությունն աննախադեպ աղետի այս պայմաններում անհրաժեշտ է համարում։ Հիշեցնում է՝ պաշտոնական Երևանը նախկինում էլ է փրկարարներ ուղարկել Թուրքիա, որի հետ դիվանագիտական հարաբերություններ արդեն երեք տասնամյակ է չունի. - «Այսպիսի մարդասիրական առումով ծանր պահին, այսպիսի ողբերգության դիմաց Հայաստանից ցուցաբերված վերաբերմունքը մի կողմից շատ նորմալ է, մյուս կողմից էլ՝ ուղիղ համեմատության մեջ է միջազգային հանրության արձագանքի հետ, քանի որ ամբողջ աշխարհից զորակցության ուղերձներ են հասնում Թուրքիա»:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը շարունակում է ճշտել ավերիչ երկրաշարժի հայազգի զոհերի և անհետ կորածների տվյալները։ Թուրքական Մալաթիայում դեռ որոնում են հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին ու նրա ամուսնուն։

XS
SM
MD
LG