Մատչելիության հղումներ

Եթե կրկին գազամատակարարման խափանում չլինի, դասերը կվերսկսվեն. Արցախի կրթության նախարարի պաշտոնակատար


Ավելի քան 1 օր դադարից հետո Արցախում գազ կա։ Ստեփանակերտից հայտնում են՝ մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակել էր Ադրբեջանը։

«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը», - հայտնում են տեղեկատվական շտաբից:

Կապույտ վառելիքի բացակայության պատճառով Արցախում գազով ջեռուցվող դպրոցների, ուսումնարանների, քոլեջների աշխատանքն այսօր դադարեցվել էր։ Ադրբեջանական շրջափակման պայմաններում դասերն արդեն 4-րդ անգամ են ընդհատվում։ Արցախի կրթության նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն «Ազատությանը» հայտնեց՝ դասերը կվերսկսվեն, եթե կրկին խափանում չլինի։

«Արցախում մենք ունենք 118 դպրոց այժմ, և դպրոցների մեծամասնությունը, այսինքն՝ 80-ից ավելին ջեռուցվում են հենց փայտով, փայտե վառարաններով կամ փայտե կաթսաներով և ընդամենը 40-ից քիչ դպրոցներ ջեռուցվում են գազով, գազային կաթսաններով։ Ուղղակի պարադոսքն այն է, որ հենց էդ գազով ջեռուցվող դպրոցները իրենք ամենից խոշորներն են և հիմնականում տուժում են հենց այդ երեխաները», - ասաց նախարարը:

Դպրոցականների շուրջ 50 տոկոսը հենց այդ դպրոցներում է սովորում, մոտ 9500 աշակերտ։

Արցախի կրթության նախարարն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր՝ ավարտական դասարաններում ստիպված փայտե վառարաններ են տեղադրում, որ աշակերտները ծրագրով նախատեսված ժամկետում ավարտեն դպրոցը, կարողանան քննություններին մասնակցել։ Բայց որ դասապրոցեսը գազի հաճախակի դարձած անջատումների պատճառով չկանգնի, ցանկանում են գազով ջեռուցվող դպրոցներում նաև փայտով գործող կաթսաներ տեղադրել։

«Հարցի կարճաժամկետ լուծումներ, կա նաև երկարաժամկետ լուծում, մենք արդեն զուգահեռ մտածում ենք դրա մասին, որպեսզի այդ գազային կաթսաներին զուգահեռ տեղադրվեն, որտեղ հնարավոր է, փայտի կաթսաներ, որպեսզի գազի խափանման դեպքում մենք կարողանանք անցնել փայտով ջեռուցման», - ներկայացրեց Հասմիկ Մինասյանը:

Գազի բացակայության պատճառով էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունն է ավելանում։ Մարդիկ ստիպված հոսանքով են տունը ջեռուցում, ճաշեր պատրաստում։

Բնակիչներն արդեն լավ գիտեն՝ նման իրավիճակում հոսանքի վթարներն անխուսափելի են։

«Մեկ կամ երկու ժամ հնարավոր է տևի, մենք ունեցել ենք նաև նման իրավիճակ, երբ մոտ երկու-երեք ժամ անջատվել է, բայց նախորդ գազի անջատման ժամանակ էր, այս անգամ մեկ ժամից վերականգնվեց», - պատմեց Ստեփանակերտի բնակիչ Նարինե Գրիգորյանը:

Ձմռան ցրտի պայմաններում պարբերական պլանային, վթարային անջատումներից բացի, հոսանք լինելու դեպքում էլ տունը հնարավոր չէ լիարժեք տաքացնել, ասում է Նարինեն։ Տատիկի տուն հյուր եկած քրոջ երեխաները, որ չմրսեն, ստիպված տաք են հագնվում։ Փայտե վառարան ոչ բոլորն ունեն։

«Դե, նախ, շենքերում շատ անհարմար է վառարան դնելը, որովհետև պետք է տեղ ունենաս, որպեսզի այդ վառարանը դնես, երկրորդը՝ փայտի, վառելանյութի հետ կապված խնդիրներ կան: Մենք չունենք էն նախկին անտառները, որպեսզի նման շքեղություն թույլ տանք, ունենք էն ինչ ունենք և այդ ամենը հատել, կարծում եմ, հանցագործություն է, նաև պակասություն է, չունենք», - ասաց Ստեփանակերտի բնակչուհին:

Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանից նաև հոսանք չի մատակարարվում. Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը, որին մոտենալ ադրբեջանցիները չեն թույլատրում:

Նարինեն կառավարությանն առաջարկում է տեղական հոսանքը խնայել, որ մարդիկ կապույտ վառելիքի բացակայության պայմաններում գոնե նվազագույն չափով հոսանքից օգտվեն. - «Նախորդ գազի անջատման ժամանակ եղավ նման հրաման, որ բոլոր ենթակառուցվածքներով, որոնք կարող են հերթափոխով գնան աշխատանքի, մաքսիմալ խնայեն էլեկտրաէներգիան»:

Ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքով երթևեկում են միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի մեքենաները։ Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Արցախից ևս 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան։







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG