Մատչելիության հղումներ

«Բաքվի անպատժելիությունն արձակել/ում է նրա ձեռքերը»․ Արցախի ԱԳՆ-ն դիմում է միջազգային հանրությանը


Արցախի արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով «ջանքերն ուղղել ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև ձեռնարկել հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»։

Ընդգծելով, որ Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ Ադրբեջանը երեկվանից փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը՝ նախարարությունը շեշտում է՝ 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։

Ըստ ԱԳՆ-ի՝ իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմն, ինչպես հաղորդագրությունում է նշված, համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։

«Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։ Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների», - հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շարունակելով․ - «Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ»։

58-րդ օրն է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է նաև Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի է լինում Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար։ Ջեռուցման բացակայության պատճառով մանկապարտեզները չեն գործում, սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։

XS
SM
MD
LG