Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված դեսպանների


Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների՝ ներկայացնելով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։

Արտգործնախարարը հորդորել է իրենց կառավարություններին փոխանցել Արցախի կոչը՝ «գործուն միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը և Ադրբեջանի հանցավոր նպատակների կանխմանը»:

Շրջափակումն Ադրբեջանի՝ Արցախի հայաթափմանն ուղղված առաջին փորձը չէ, նամակում գրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նկատելով՝ այլ ուղիղ շարունակությունն է 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, որի ընթացքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը, իսկ 38 հազար մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված։

Բնապահպանական պատճառաբանությամբ արդեն 54 օր ադրբեջանցի էկոակտիվիստները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում՝ գնահատելու շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները, ստորերկրյա և մակերևութային ջրաղբյուրները։ Դեկտեմբերի 10-ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել: Դեկտեմբերի վերջին Արցախի կառավարությունը հայտարարեց, որ դիմել է ՄԱԿ-ի կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով։ Իսկ մինչ այդ որոշել են ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը։

Ղազարյանի պնդմամբ, Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի կառավարության առաջարկից ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող «բողոքի ակցիան» ամբողջովին այլ նպատակ ունի. մասնավորապես, լիակատար վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը՝ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բացարձակ սուտ և անհեթեթություն» է անվանել Լաչինի միջանցքի փակման մասին Հայաստանի պնդումները՝ ասելով, թե Լաչինի միջանցքի երկու ուղղություններով Կարմիր խաչի և ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ, շարունակվում է քաղաքացիական նշանակության ապրանքների և քաղաքացիական անձանց փոխադրումը:

Ղազարյանը հակադարձում է՝ Ադրբեջանի կեղծ պնդումներն առ այն, որ Լաչինի միջանցքը բաց է, հերքվում են փաստով, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր Արցախի որևէ բնակչի պատկանող ավտոմեքենա այդ ճանապարհով չի անցե, իսկ արգելափակված ճանապարհով անցնելու թույլտվություն են ստանում միայն ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները:

«Ավելին, չկարողանալով միջազգային հանրությանը համոզել, որ «բողոքի ակցիան» իբր էկոլոգիական բնույթ է կրում՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողն իրենց ներքին գործն է, և նրանք պարտավոր չեն այն քննարկել որևէ երկրի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ Արցախի հայաթափում», - ասված է նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG