Մատչելիության հղումներ

Դավոսում Ալիևը կրկին պնդել է՝ Հայաստանը հրաժարվում է խաղաղ համաձայնագիր կնքել


Աշխարհի ամենահեղինակավոր գործարար համաժողովներից մեկից՝ Դավոսում մեկնարկած ամենամյա տնտեսական ֆորումից, Հայաստանի բացակայությունն աննկատ չանցավ: Հինգշաբթի երեկոյան, Ադրբեջանի նախագահի և Վրաստանի վարչապետի մասնակցությամբ Դավոսում կազմակերպված քննարկման ժամանակ առաջինն այս մասին բավական դիվանագիտորեն ակնարկեց ԵՄ վարչական և բյուջետային հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

«Այս պահին այստեղ ներկայացված են Հարավային Կովկասի պետություններից երկուսը։ Մենք, սակայն, չպետք է մոռանանք, որ տարածաշրջանն առնվազն երեք երկրներից է բաղկացած», - հայտարարում էր եվրոպացի պաշտոնյան։

Հանի այս հայտարարությանն առաջինն արձագանքեց Ադրբեջանի նախագահը՝ կրկին հայտարարելով, թե Հայաստանը հրաժարվում է խաղաղ համաձայնագիր կնքել, որ հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա։

Երևանը «մերժել է Ադրբեջանի և Վրաստանի՝ համագործակցության եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը»

«Հանձնակատար Հանն ակնարկեց Հայաստանի բացակայության մասին՝ ասելով, թե այստեղ հարավկոկասյան երկու պետություններ կան, բայց իրականում դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ՝ ում նա նկատի ունի։ Բայց Հայաստանի բացակայության պատճառն այն է, որ Երևանը մերժել է մեր և Վրաստանի՝ համագործակցության եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը։ Ես բարձր եմ գանահատում իմ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ձեռնարկված ջանքերը։ Նա հյուրընկալեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, դրան մասնակցեց նաև Վրաստանի արտգործնախարարը։ Մեր առաջարկությունն էր Վրատանում նաև երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ», - հայտարարում էր Ալիևը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ իր երկիրը պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև։

«Վրաստանը իրապես չեզոք, անկողմնակալ, անաչառ միջնորդ է։ Նախագահ Ալիևը հիշատակեց մեր կողմից կազմակերպված հանդիպման մասին։ Դա մեր շահերից էր բխում քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում՝ Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին և մենք կարող ենք այս տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության և բարգավաճման տարածաշրջանի։ Խորհրդային ժամանակաշրջանում, Սառը պատերազմի տարիներին, հայտնի ասացվածք կար՝ «Վստահիր, բայց ստուգիր»։ Այստեղ՝ Դավոսում, ես լսեցի այդ ասույթի մեկ այլ տարբերակը՝ «Մի վստահիր, բայց համագործակցիր», -մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Թբիլիսիի դերը դրանում, հայտարարում էր Վրաստանի վարչապետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG