Մատչելիության հղումներ

Ալիև․ ադրբեջանցիները պետք է վերադառնան պատմական հայրենիք, որն այսօր Հայաստանի տարածքում է


«Ժամանակն է ավելի բաց խոսել մեր վերադարձի մասին Զանգեզուր», - երեկ հայտարարեց Ադրբեջանի նախագահը՝ հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ընդգծելով՝ «մենք երբեք հանդես չենք գալիս նախաձեռնություններով, որոնք անհնար է իրագործել»։

«Վստահ եմ՝ մենք կհասնենք այս նպատակին ևս, և կվերականգնենք պատմական արդարությունը», - ասել էր Իլհամ Ալիևը։

Պատմական արդարությունը վերականգնելու, ինչպես իրենք են ասում՝ «Արևմտյան Ադրբեջան»՝ Սյունիք ու Երևան վերադառնալու մասին, Ալիևը հրապարակավ խոսեց անցած տարվա դեկտեմբերի 24-ին։ Այդ օրը իշխանությունները Բաքվում հատուկ միջոցառում էին կազմակերպել «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանված համայնքի համար՝ քարտեզների ու պատմական փաստաթղթերի ցուցադրությամբ։

«20-րդ դարի սկզբին թվագրված այս շենքում ցուցադրված քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը», - ասել էր Ալիևը։

Իր ծավալուն ու ինչպես պաշտոնական աղբյուրներն են նշում՝ ծրագրային ելույթում Ալիևը պնդել էր, թե ներկայիս Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, մոտ 90 գյուղում էլ նրանք եղել են մեծամասնություն, և պետք է վերադառնան՝ խաղաղ ճանապարհով։ «Կանխատեսում եմ, որ Հայաստանում կրկին հիստերիա է սկսվելու, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել և այլն։ Ոչ։ Մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով և միջազգային կոնվենցիաներով», -ասել էր Իլհամ Ալիևն ու պնդել՝ պետք չէ ժամանակ կորցնել։

Այս հորդորից անմիջապես հետո՝ Ալիևի ելույթի հաջորդ օրն իսկ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին հոդվածներ ու հարցազրույցներ հրապարակել՝ «Մեծ վերադարձի երկրորդ փուլը» խորագրով։ Պատգամավորները, պատմաբանները, ակադեմիկոսները, լրագրողներն ու մշակույթի գործիչները մեկը մյուսի ետևից պնդում են՝ առաջնորդը նախանշեց այս տարվա գլխավոր անելիքը։

«Նախագահի ելույթը մեր պատմական հայրենիք վերադարձի ճանապարհային քարտեզն է»,-խորհրդարանում հայտարարել էր պատգամավոր Մուսա Գուլիևը։

Նախագահի հանդիպումը արևմտյան ադրբեջանցիների հետ հստակ ցույց տվեց մեր նպատակները, իր հերթին պնդել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը:

«Վերադարձանք Շուշի, Քելբաջար, Արևմտյան Ադրբեջան վերադարձն էլ հեռու չէ», - գրել է լրագրողներից մեկը։

Դեկտեմբերի 24-ից՝ Ալիևի ելույթից հետո, Պետական «Ազերթաջ» գործակալության կայքում միայն օրական առնվազն մեկ նյութ է հրապարակվում այս թեմայով։

Եղել են նաև գործնական քայլեր․ Պատմության ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» գծով հատուկ բաժին, նույնը՝ բանահյուսության ինստիտուտում, համաժողով է կազմակերպվել «Մեծ վերադարձի թեմայով», պետական լրատվամիջոցներում էլ ի հայտ են եկել հատուկ քարտեզներ, որտեղ ներկայացված են իբրև թե Ադրբեջանի հողերը՝ իրենց պատմական անուններով։ Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են տարին մեկ կամ երկու միջազգային գիտաժողով կազմակերպել՝ այս հարցը հանրայնացնելու համար։

Բռնապետական համբավ ունեցող երկրում այս հարցում ձայն է տրվում նաև ժողովրդին․ շարքային ադրբեջանցիներն են պատմում՝ ինչպես են զրկվել իրենց տներից․ մեկը՝ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մյուսի պապերը՝ դեռ առաջին հանրապետության օրերին։

Ալիևի առաջին՝ դեկտեմբերյան ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ դա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ խաղաղության և կայունության հաստատմամբ:

«Ալիևը հնչեցնում է նոր տարածքային պահանջներ», - ընդգծել էր պաշտոնական Երևանը՝ հորդորելով միջազգային գործընկերներին հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը։ Ալիևը, սակայն, նույնը կրկնեց նաև երեկ։ Վարչապետ Փաշինյանն էլ երեկվա ասուլիսում փաստեց, որ կողմերը այժմ հակընդդեմ քայլեր ու պահանջներ են ներկայացնում նաև այս հարցի շուրջ։

Ի դեպ, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ծրագիրը Ալիևը հրապարակեց իր ծննդյան օրը, հատուկ ընդգծելով՝ 44 օրյա պատերազմից առաջ ծննդյան տոները գրավյալ տարածքներից տեղահանվածների հետ է նշել, խոստանալով, որ նրանք հայրենիք կվերադառնան։

«Այսօր նույնը անում եմ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, և կարծում եմ, որ սա խորհրդանշական նշանակություն կունենա»,- ասել էր նա։

XS
SM
MD
LG