Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը հայ ու ադրբեջանցի պաշտոնակիցների հետ քննարկել է Լաչինի միջանցքի հարցը


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ՝ քննարկելով Արցախում ստեղծված իրավիճակը:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է տիրում Լաչինի միջանցքի փակման հետևանքով արդեն մեկ ամսից ավելի շրջափակման մեջ հայտնված Արցախում:

Ալիևը, իր հերթին, գերմանացի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը՝ հերքելով ճանապարհի շրջափակման մասին Հայաստանի պնդումները: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ապահովում է մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով, հաղորդում է նրա աշխատակազմը:

Այս 33 օրերի ընթացքում փակ հատվածով միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցել։ Մինչև այժմ հնարավոր է եղել տեղափոխել միայն ծանր հիվանդների, բազմաթիվ ընտանիքներ դեռ մնում են միմյանցից բաժանված:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր գործընկերների հետ նաև տարածաշրջանի ընդհանուր իրավիճակն է քննարկել: Լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին՝ նա նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ: Վահագն Խաչատուրյանն էլ վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, հայկական կողմի պատրաստակամությունը՝ կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

«Տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին, որն անցկացվում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ։ Ալիևն իր հերթին ընդգծել է, որ բարձր է գնահատում այս ձևաչափով բանակցությունները և Ադրբեջանի հավատարմությունը հայտնել այս ձևաչափին»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդման մեջ:

XS
SM
MD
LG