Մատչելիության հղումներ

Պետք է խուսափել իրավիճակն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից. ՀՀ վարչապետ


Պետք է խուսափել իրավիճակն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, Լեռնային Ղարաբաղը պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկը իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ, կառավարության նիստի հենց սկզբում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Արցախի Անվտանգության խորհրդի երեկվա հայտարարությունը։ Փաշինյանը չկոնկրետացրեց՝ Արցախից հնչած հատկապես որ հայտարարություններն է փակուղի տանող համարում։

Մտահոգված Հայաստանի վարչապետի նախօրեին արած մի շարք պնդումներից՝ Ստեփանակերտից Երևանին հորդորել էին առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ։ Իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը Թվիթերում գրել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վերջին հայտարարությունները հաստատում են, որ Ղարաբաղն այլ ընտրություն, քանի պայքարել ինքնորոշման իր իրավունքի համար, չունի։ Հայաստանի իշխանությունները ամիսներ շարունակ չեն հիշատակում Ղարաբաղի ինքնորոշումը, միայն ընդհանուր ձևակերպումներով խոսում են Արցախ ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս։ Եվ հետո, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Չնայած Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Արցախի հետ որպես սուբյեկտ բանակցել, Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հրավիրած ասուլիսում հայտարարում էր, թե ղարաբաղցիները իրենց վերաբերող հարցերով պետք է զբաղվեն, հայաստանցիներն՝ իրենցով, ու պնդում՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև տարակարծություն չկա։

Ստեփանակերտից պատասխանը չուշացավ՝ Հայաստանի վարչապետի նախօրեին արած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, «քանի որ չեն համապատասխանում ոչ համազգային պայքարի գաղափարներին, ոչ էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»։

Իսկ Փաշինյանի այսօրվա խոսքերին արձագանքեցին՝ Հայաստանի վարչապետը հրաժարվել է Արցախից, իրենց էլ է նույն խորհուրդը տալիս։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ այդ խորհուրդն իրենք չեն կարող ընդունել։ Արցախի անվտանգության խորհրդի երեկվա նիստին անդամներից բացի, մասնակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Հայտարարությունն էլ միաձայն է ընդունվել:

«Պարզ տեքստով այդ ամենն ասում է, որ ես հրաժարվում են Արցախից: Երբ որ ինքն ասում է, որ ես չեմ կարող Արցախի անունից բանակցել, դա փակուղային վիճակ չէր ստեղծում, բայց ո՞վ է փակուղի տանում՝ ինքը՞, թե՞ մենք, կարող է ինքն իրեն է քննադատում, ինքնաքննադատությամբ է սկսել զբաղվել», - նշեց նա:

Արցախի նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ասում է՝ իրենք հավատարիմ են անկախության հանրաքվեին. «Արցախի դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ժողովրդի կողմից արտահայտվում դեռ 91թ. կամարտահայտության հիման վրա»:

Արցախի ԱԽ-ի երեկվա հայտարարության մեջ նաև այսպիսի ձևակերպում կար՝ «գիտակցում են բոլոր այն հետևանքները, որոնք բխում են իրենց որդեգրած քաղաքական գծից, և վերահաստատում իրենց այն դիրքորոշումը, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են»: «Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող իրենց հետ պահել պայքարը շարունակելու որոշումից», - ասված էր հայտարարության մեջ։

Ի՞նչ հետևանքներից են խոսում, պատգամավորն ասաց. «Բլոկադային բխող հետևանքներ կան, որ կարող է սով լինել, կարող է պատերազմ լինել, բայց այնուամենայնիվ դա արցախահայության ինքնորոշման հարցի վրա, տեսել ենք արդեն երեք պատերազմ, բայց մենք հետ չենք կանգնել, պատրաստ ենք պայքարի»:

Ստեփանակերտից առաջին անգամը չէ, որ Հայաստանի իշխանություններից պահանջում են հաշվի նստել իրենց ինքնորոշման իրավունքի հետ։ Անցած տարի, երբ վարչապետ Փաշինյանը խոսեց Արցախի հարցում նշաձողը իջեցնելու մասին, քաղաքական ուժերը հայտարարեցին. «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG