Մատչելիության հղումներ

Միրզոյանը մարտին կմեկնի Թուրքիա, քաղաքական մեկնաբանը ֆորումից մեծ ակնկալիքներ չունի


Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիա մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, 14-ը մարտի, 2022թ․

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Միրզոյանը ենթադրեց՝ թերևս Թուրքիայում հանդիպում-քննարկում կլինի հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի շուրջ, անուններ, սակայն, չնշեց։

«Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար», - ասաց Միրզոյանը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումից մեծ ակնկալիքներ չունի քաղաքական մեկնաբան, նախորդ տարի այդ ֆորումին մասնակցած Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա թվարկում է՝ առնվազն երկու պատճառ։

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

«Առաջինը՝ Ադրբեջանը պարտադրել է անարդար և արհեսատական նախապայման, ինչը ենթադրում է, որ Հայաստանը պետք է ստորագրի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը՝ նախքան հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգումը։ Երկրորդ՝ ցավոտ մտահոգությունն այն է, որ Թուրքիան հայտարարեց վաղաժամ՝ մայիսին նախատեսված ընտրությունների մասին, ինչը նշանակում է ներքին հարցեր ունի։ Ուստի՝ ես կասկածի տակ եմ դնում Թուրքիայի անկեղծությունը, մեծ սպասելիքներ չունեմ, հատկապես, որ ինքս ներկա եմ եղել նախորդ տարի Անթալիայում տեղի ունեցած հանդիպումներին», - ասաց Կիրակոսյանը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Անթալիա, 12-ը մարտի, 2022թ․
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Անթալիա, 12-ը մարտի, 2022թ․

Ի տարբերություն քաղաքական վերլուծաբանի, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ավելի լավատես էր։ Հիշեցնելով, որ տարեսկզբին Թուրքիան վերացրեց ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ՝ արտգործնախարարը հույս հայտեց, որ այլ բնագավառներում ևս առաջընթաց կգրանցվի։ Այդուհանդերձ Միրզոյանն անպատասխան թողեց հարցը՝ ե՞րբ կբացվեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները, ինչը ևս բանակցություններին համաձայնեցվել էր։

Ըստ արտգործնախարարի՝ առաջիկայում նախատեսված չէ կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի նոր հանդիպումը։ Վերջին՝ 4-րդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի հուլիսին՝ Վիեննայում։

Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպում Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ․
Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպում Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ․

«Էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ են եղել, հանդիպումներ են եղել և, կրկնում եմ, քայլը դրական է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը», - ասաց Միրզոյանը։

Հայ-թուրքական կարգավորմանը հետևող Կիրակոսյանն ասում է՝ դեկտեմբերի վերջին, այդուհանդերձ, նախատեսված էր Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը, որը հետաձգվեց նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։

Կիրակոսյանը վստահ է՝ այս հարաբերությունների հետագա զարգացման պատասխանատվության բեռը Թուրքիայի վրա է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG