Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է՝ բանագնացների հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, Երևանը հերքում է


Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, արխիվ
Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայ և թուրք բանագնացների հանդիպումներն այսուհետ տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում։

«Մենք ներկայումս բանակցում ենք, թե վստահության ամրապնդման ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Հայաստանի հետ։ Մեր հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բայց, ցավոք, արտասահմանում: Հաջորդ բանակցությունները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում», - հայտարարել է Չավուշօղլուն և հավելել, որ Անկարան «անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման» հարցում։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրեսի» հարցին ի պատասխան հերքել է Չավուշօղլուի հայտարարությունները, հավաստիացնելով, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Պատասխանելով «Ազատության» հայկական ծառայության հարցին, թե ի՞նչն է հիմա խանգարում Անկարային հայ-թուրքական սահմանների բացմանը և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ «սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կգան հասունության որոշակի աստիճանի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG