Մատչելիության հղումներ

Էրդողանը վերստին պայման է առաջադրում Հայաստան-Թուրքիա կարգավորման համար


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

Պաշտոնական Անկարան վերստին հայտարարում է՝ Երևանի հետ հաշտեցումը կախված է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, պնդում է՝ այդ ուղղությամբ Հայաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում:

«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական կանդրադառնան նաև մեր քայլերի վրա», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, ով ամիսներ առաջ վստահեցնում էր, թե Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Էրդողանի կարծիքով, սակայն, գործընթացին խոչընդոտում են նաև արտերկրում ապրող հայերը։

«Հայկական սփյուռքը՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Միացյալ Նահանգներում, դեմ է հանդես գալիս երկխոսությանը, ինչը բացասական ազդեցություն է թողնում գործընթացի վրա։ Ներկա պահին մենք Երևանից բավարար քայլեր չենք տեսնում Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում», - ասել է Թուրքիայի նախագահը և շեշտել՝ Փաշինյանի կառավարությունը կարող է նվազեցնել սփյուռքի բացասական քայլերը: Էրդողանի փոխանցմամբ՝ ինքն այդ մասին խոսել է Հայաստանի վարչապետի հետ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը:

«Ես նրան հստակ հասկացրել եմ Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսության փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից գործուն քայլեր ենք ակնկալում: Ներկա պահին ես չեմ կարող ասել, որ որևէ մակարդակի [կարգավորման ] ենք հասել։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի բացասական քայլերը», - հայտարարել է Էրդողանը։

Պրահայում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների՝ վերջին 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց, թե կողմերը քննարկել են կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Հանդիպմանը հաջորդած ասուլիսին էլ Ռեջեփ Էրդողանը հայտնեց, թե որոշ պահանջներ են ներկայացվել հատուկ նեկայացուցիչներին, և արտգործնախարարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Մանրամասներ կողմերը չեն հայտնել:

Այսօր լրագրողների հետ զրույցում հայ - թուրքական գործընթացի մասին խոսելիս Թուրքիայի նախագահը չի թվարկել Երևանին ուղղված Բաքվի պահանջերը, թուրք պաշտոնյաները, այդուհանդերձ, բազմիցս են հայտարարել՝ եթե Հայաստանը ուզում է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, ապա պետք է Ադրբեջանի հետ սահմանները ճշգրտի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականացնի և խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ: Անկարան, սակայն, երբեք չի խոսում Բաքվի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ հայ գերիների, որոնք մինչ օրս մնում են ադրբեջանական բանտերում, Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման մասին։

Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, երկու երկրների հատուկ բանագնացների բազմաթիվ հանդիպումների արդյունքում մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումը եղել է օդային հաղորդակցության վերականգնումը և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն այդ համաձայնություններն իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել: Մինչ օրս ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները:

XS
SM
MD
LG