Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա  


ԵԱՀԿ-ի փակ նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տպավորություն է ստացել, որ միջազգային հանրությունը հստակ պատկերացում ունի՝ ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, որ կողմն է խախտել պարտավորությունը, և որը չի կատարում իր պարտականությունը։ Միրզոյանն այս մասին հայտարարեց այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին։

«Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել, կարծում եմ, ընդհանուր տպավորությամբ: Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակնհայտ էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ», - նշեց նա:


Միրզոյանը վստահ է՝ միջազգային հանրության արձագանքն արդյունք կտա։ Թե ինչ արդյունք է ակնկալում, չասաց։ Արդյոք այդ երկրների հայտարարությունները կնպաստե՞ն, որ Ադրբեջանը բացի Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծել, ասաց. «Հստակ գիտակցում կա և ոչ միայն ԵԱՀԿ-ում, և դուք դա կարող եք տեսնել նաև առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներից, և կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու»:

Միջազգային հանրության արձագանքից տպավորված է նաև վարչապետ Փաշինյանը։

«Միջազգային մեր շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը այս իրավիճակի նկատմամբ ավելանում է, մեծանում է», - նշեց նա։

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները սադրիչ են ու էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով, թե պատրաստ է Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր։

«Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, և այդ հայտարարությունները, ըստ էության, հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»:

Վարչապետն օրեր առաջ էլ իր ասուլիսում հայտարարում էր, թե պատրաստ է Ռուսաստանի առաջարկների հիման վրա ստորագրել փաստաթուղթ, որից հետո Մոսկվայից քննադատեցին, թե Փաշինյանի դիրքորոշումները նույն հարցի վերաբերյալ հակասական են։ Նաև քննադատել էին, որ Միրզոյանը չէր մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ադրբեջանցի պաշտոնակցին։ Միրզոյանն ասաց՝ այնտեղ պետք է քննարկվեր նաև խաղաղության նախագիծը, բայց Բաքուն Երևանի խմբագրած տարբերակին մեկ ամիս է չի արձագանքում։

«Թյուր են այն պատկերացումները, որ հայկական կողմը դադարեցրել է, արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում և, մասնավորապես, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Կրկնում եմ՝ մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պիտի լինի, որը մինչ այս պահը չկա», - նշեց արտգործնախարարը:

Դեկտեմբերին իր ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ մոսկովյան հանդիպմանը չմեկնած Միրզոյանը պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. «Ինչպես և անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ըստ ամենայնի կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում»:

Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպում սպասվո՞ւմ է։

«Երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին առայժմ նախատեսված չէ, այսինքն՝ պայմանավորվածություն դեռևս չկա», - նշեց նա:

Բայց նախարարը վստահ է, որ իր մեկնելը շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու և առարկայական արդյունքների հասնելու համար։ Միրզոյանը անցած տարի էլ մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Կառավարության հետ հարցուպատասխանը դարձյալ բոյկոտել էին ընդդիմադիր խմբակցությունները։ Կառավարությանը հարցեր ուղղում էին միայն իշխանական պատգամավորները։

XS
SM
MD
LG