Մատչելիության հղումներ

Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ահագնացել է


Վրաստանում, այդուհանդերձ, հյուրընկալ չեն ժամանող ռուսաստանցիների նկատմամբ
Վրաստանում, այդուհանդերձ, հյուրընկալ չեն ժամանող ռուսաստանցիների նկատմամբ

Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ահագնացել է, ահազանգում են վրաց փորձագետները՝ վկայակոչելով դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների փոխշահավետ տնտեսական համագործակցության մասին վկայող աննախադեպ ցուցանիշները:

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ-կառավարական կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր Վրաստանը Ռուսաստանից մոտ 2,2 միլիարդ ամերիկյան դոլարի եկամուտ է ստացել՝ փոխանցումներից, զբոսաշրջությունից, ապրանքների արտահանումից․ աննախադեպ այս ցուցանիշն ավելի քան երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն աղբյուրներից Ռուսաստանից ստացված եկամուտը:

Զեկույցի համաձայն՝ այս տարվա ինը ամիսներին Ռուսաստանից Վրաստան ներմուծումն էլ աճել է 73 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 16 տարվա ընթացքում:

Հակակոռուպցիոն կազմակերպությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում նվազեցնել տնտեսական կախվածությունը Մոսկվայից, մասնավորապես՝ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրել բոլոր ռազմավարական գործընկերների հետ և պետական աջակցություն, այդ թվում՝ սուբսիդիաներ, արտոնություններ չտրամադրել ռուսներին։

Ռուս-վրացական տնտեսական կապերը թափ են հավաքում հատկապես այս տարվա փետրվարից ի վեր՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման պատճառով հակառուսական պատժամիջոցների ֆոնին։ Սահմանափակումներից և հնարավոր մոբիլիզացիայից խուսափելու նպատակով Ռուսաստանը լքած քաղաքացիներից մոտ 100 հազարը Վրաստանում են հաստատվել, մարտ ամսից ի վեր Վրաստանում գրանցվել է ավելի քան 9 հազար 500 ռուսաստանյան ընկերություն։

Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ միայն հոկտեմբերին ռուսաստանցիները երկրում ծախսել են 114,5 միլիոն դոլար՝ սա 526 անգամ ավելի է անցած տարվա հոկտեմբերի ցուցանիշների համեմատ։ Դրա ֆոնին վրացական լարին, իր հերթին, հասել է վերջին երեք տարիների ամենաբարձր մակարդակին։

Թե որքան երկար կտևի Վրաստանի տնտեսական բումը, այս հարցին չկա միանշանակ պատասխան։ Ուկրաինա Վրաստանի մեծ հարևանի ներխուժումից հետո մասնագետները երկրի համար սարսափելի հետևանքներ էին կանխատեսում, Համաշխարհային բանկն ընդամենը 2,5 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսում, մինչդեռ միջազգային կազմակերպությունների այսօրվա տվյալներով՝ Վրաստանը տարին կփակի 10 տոկոս տնտեսական աճով:

XS
SM
MD
LG