Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները շարունակում են պարծենալ այս տարվա տնտեսական բարձր ցուցանիշներով


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Շուրջ 14 տոկոս տնտեսական աճ, հայտարարում է Էկոնոմիկայի նախարարը

Հայաստանի իշխանությունները շարունակում են պարծենալ այս տարվա տնտեսական բարձր ցուցանիշներով ու արդյունքներով։ Անցնող ամիսներին, մինչդեռ, փորձագետները պարզաբանում էին՝ այս ամենը ոչ թե կառավարության աշխատանքի արգասիքն է, այլ արտաքին գործոնների ազդեցությունը, մասնավորապես, ռուսաստանցիների ու նրանց դրամական միջոցների մեծ ներհոսքը։

«Նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 113,8 տոկոս, իսկ ամբողջ տարվա համար՝ հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի համար՝ 114,4 տոկոս, ինչը, ըստ էության, Հայաստանի լավագույն ցուցանիշներից է», - ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այս թվերը ավելի պարզ ներկայացնելու համար Վահան Քերոբյանն անգամ պատկերավոր օրինակ է բերում։ Ասում է՝ պատկերացրեք, թե ավելի բարձր դասի մեքենայի ղեկին եք նստում. - «Պատկերացրեք, որ ունեք մեքենա, ասենք մի տեսակի մեքենա, և հետո անցնում եք այլ, ավելի բարձր կլասի մեքենայի՝ ավելի լավ շարժիչով, ավելի լավ ակերով և այլն, բայց արգելակները, հսկողական այլ համակարգերը մնում են հին մեքենայինը, և առաջանում են տարբեր խնդիրներ։ Հիմա կարիք կա, որպեսզի մենք նաև մեր մյուս պետական ինստիտուտները համապատասխանացնենք, որպեսզի փոխենք մեր պետությունում ապրող քաղաքացիների կյանքի որակը»։

Թե կոնկրետ ի՞նչ բարձր մակնիշի ավտոմեքենայի հետ է Հայաստանի տնտեսության համեմատությունը, Քերոբյանը չի մանրամասնում։ Փոխարենը Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ թոշակառուները, նպաստառուները, ցածր աշխատավարձ ստացողները օրեցօր է'լ ավելի թանկացող կյանքից են դժգոհում։

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է՝ իրենք փորձում են անել ամենը, որպեսզի տնտեսական այս արդյունքները բաշխեն այնպես, որ խոցելի խավերի կյանքի որակը է'լ ավելի չվատանա։ Կառավարությունից առանձնացնում են, օրինակ, սեպտեմբերից 3000 դրամով բարձրացած կենսաթոշակները, ինչը, սակայն անգամ թանկացումների բեռը չծածկեց։

Բարձր գնաճից բացի, այս տարվա տնտեսական գլխավոր մարտահրավերներից էր դոլարի համեմատ դրամի էական արժեվորումը, ինչը մասնագետները պայմանավորում են ռուսաստանցիների բերած գումարով ու Հայաստանի կենտրոնական բանկի վարած թանկ դրամի քաղաքականությամբ։

Դոլարի ու եվրոյի անկման հետևանքով արտերկրի հետ աշխատող ընկերությունները, IT ոլորտն ու արտահանողները վնասներ կրեցին, քանի որ ավելի քիչ եկամուտ էին ստանում դրսից։ Միայն տարեվերջին՝ սուր խնդիրների ի հայտ գալուց ամիսներ անց, գործադիրը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցություն տրամադրելու որոշում ընդունեց։

IT ընկերությունների նախաձեռնությունը թեև ողջունեցին, բայց շեշտեցին՝ ուշացած է։

Օրերս էլ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի շարք գործարարների է հանդիպել. քննարկել են տնտեսական վիճակը , արտահանման խնդիրները ու մի շարք այլ հարցեր։

Այս հանդիպմանը մասնակցել է Արտակ Գևորգյանը, որն IT ընկերություն է ղեկավարում։ Նա կարծում է, որ այս օժանդակություններով լուրջ խնդիրներ լուծել հնարավոր չէ։ Պետք է ավելի համակարգային քայլեր ձեռնարկել, հետագայում այսպիսի տատանումներից ռիսկերը նվազեցնելու համար. - «Շատ-շատ խնդիրներ կա, որոնք պետք է լուծվի։ Ներքին արտադրությունները, ներքին բիզնեսները պետք է էդ խնդիրները լուծեն։ Էդ դեպքում նոր, ինչ թվում է, ամեն ինչ էսքան ծանր չէր լինի, ինչպես հիմա է։ Գլխավոր խնդիրները կազմակերպչական են՝ ճիշտ շուկայում ճիշտ պրոդուկտի ներկայացնելը, թանկ սեգմենտ վերցնելը, որովհետև մենք մասսայական արտադրությունը՝ որպես այդպիսին, չենք կարող մրցակցել։ Օժանդակությունը կարճաժամկետ նպատակ ունի, իսկ երկարաժամկետ... պետք է հասկանան մոդելը՝ ոնց են իրենց բիզնեսները զարգացնելու»։

Դրամ-դոլար տատանումներից տուժած այլ ոլորտներին աջակցելու նախաձեռնություններ հետագայում կլինեն թե ոչ, առայժմ հայտնի չէ, իշխանությունը լռում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG