Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան. շրջադարձ տնտեսության համար


Փետրվարի 24, 2022 թվական. այս օրը փոխեց միլիոնավորների կյանքն ու հաշված օրերի ընթացքում դարձավ իրական մղձավանջ ոչ միայն պատերազմական գոտում, այլև դրանից հարյուրավոր կիլոմետրեր հեռվում գտնվողների համար։ Պատերազմին ընդդիմացող հազարավոր ռուսաստանցիներ լքեցին հայրենիքը ռուսական ներխուժման հենց սկզբից, նրանց մի մասը ժամանեց Հայաստան։ Այդ օրերին Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Սանկտ Պետերբուրգից Երևան եկան բազմաթիվ ռուսաստանցի երիտասարդներ, նրանց զգալի մասը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։

«Ընտրությունս Հայաստանի և Վրաստանի միջև էր, քանի որ ամենից հեշտ էր այստեղ հասնելը։ Օդակայանների մի մասը փակ էր։ Ստիպված էի փոխել տեղանքը», - ասում է Ալեքսեյը։

Ազատ վիզային ռեժիմ, ռուսերենի տարածվածություն, մշակութային նմանություններ, պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն. ռուսների՝ Հայաստան տեղափոխվելու պատճառներից գլխավորներն են։ Մարտին ռուսական ներգաղթի առաջին ալիքն էր։ Հենց այդ ժամանակ հայաստանցիների բառապաշարում նոր բառ հայտնվեց՝ ռելոկանտ:

«Լսել եմ, որ փաստացի շատ ընկերություններ են տեղափոխվելու մոտ ժամանակներս, դե քանի որ Ռուսաստանում բիզնես անելը, որը կապված է ներկրման, արտահանման հետ, դրամական միջոցների հետ, այլևս անհնար է», - ասում է ռուսաստանցի երիտասարդներից մեկը։

2022 թվականի միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է եկել ավելի քան 780 հազար ռուսաստանցի, նույն ընթացքում, սակայն, նրանց մեծ մասը, ըստ Միգրացիոն ծառայության, հեռացել է Հայաստանից։ Երևանում ու մյուս քաղաքներում հաստատվել է շուրջ 42 հազար ռուսաստանցի։

Ռուսաստանցիների ներկայությունը սովորական դարձավ 2022-ին ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում։ Ռուսները հաստատվեցին, հիմնեցին սեփական բիզնեսը, աշխատանք գտան, կամավորությամբ են զբաղվում։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ՌԴ ֆիզակական, իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել է 2200 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, հաշվառվել է ավելի քան 4000 անհատ ձեռներեց։

«Ես թողել եմ ընտանիքս, ընկերներիս, կարոտում եմ ծնողներիս», - պատմում է 26-ամյա Սամսոն Կարապետյանը՝ շարունակելով՝ պատերազմից առաջ էր Հայաստան եկել, բայց չէր մտածում, որ Մոսկվա մեկնելու ցանկություն այլևս չի ունենա։ Հիմա Գյումրիում կամավորությամբ է զբաղվում, ծրագիրն ավարտվում է։ Մտածում է Երևանում հիմնական մասնագիտությամբ աշխատել՝ տվյալների լրագրությամբ։

«Ես մեծ հաճույքով կմնայի Գյումրիում, սակայն, ցավոք, իրականությունը հիմա այնպիսին է, որ իմ մասնագիտությամբ աշխատանքը Երևանում է, դրա համար էլ ես վերադառնում եմ Երևան, չնայած որ այդքան էլ չեմ ուզում», - հավելում է նա։

Մշակութային ոլորտից էլ անմասն չմնացին ռուսաստանցիները։ Անգամ ներկայացումներ բեմադրեցին ու ցուցադրեցին, փառատոններ անցկացրին, անգամ այնպիսիք, որ Ռուսաստանում փակի տակ էին։

Համազգային թատրոնում էլ ներկայացումներից մեկը վստահեցին արմատներով հայ, բեմադրիչ Իլյա Մոշչիսկիին։ Երիտասարդ արվեստագետի՝ Հայաստան տեղափոխվելու որոշման վրա ևս ռուսական ներխուժումն է ազդել։

«Ռուսաստանը պատերազմում է, Ռուսաստանում տղամարդիկ պետք է գնան և սպանեն տղամարդկանց, այլ սեռի մարդկանց, այդ պատճառով ես պատրաստ չէի ընդհանրապես ոչ միայն զենք վերցնել, այլև լինել մի միջավայրում, որտեղ գաղափարորեն խթանում են, որ ես սիրեմ պատերազմը», - նշում է Իլյա Մոշչիսկին:

Ռուսաստան վերադառնալու ցանկություն կա, բայց անորոշ է, այնտեղ են ծնողները, հարազատները։ Ընկերների մեծ մասը լքել են Սանկտ Պետերբուրգն ու տեղափոխվել տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այստեղ հեշտ է հարմարվել՝ մարդիկ, սովորույթները խորթ չեն իրեն։ Շեշտում է՝ կիսով չափ հայ է՝ մայրական կողմից. «Հայաստանն իմ գենետիկ կոդի, ընտանիքի մի հատվածն է, քանի որ ինձ մոտ է այս մշակույթը, քանի որ ես հասկանում եմ այս մշակույթը, քանի որ տատս ու պապս ինձ հետ հայերեն էին խոսում, դրա համար էլ նոր կյանք սկսելն այստեղ ավելի տրամաբանական էր»։

Պատերազմին դեմ, պատերազմել չցանկացող ու երկիրը լքել ցանկացողներին Մոսկվան սպառնում է, հիմա էլ, զրկել Ռուսաստան վերադառնալու իրավունքից։ Նման հայտարարություն վերջերս Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն էր արել։

«Կարծում եմ՝ Մեդևեդեվը լքել է իր մարմինը և հեռացել է, իսկ նրա փոխարեն խոսում է մասամբ մարդու հիշեցնող անհատ, ես չգիտեմ, թե դա ինչ արարած է, ինչպես նրան ընկալել, չգիտեմ ինչպես վերաբերվել այդ խոսքերին», - ասում է ռուսաստանցի բեմադրիչը։

Ռուսաստանցիների երկրորդ հոսքը Հայաստան սեպտեմբերի 21-ից հետո էր, երբ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվեց։ Այդ օրերին Երևանում ամենուր նոր ժամանած ռուսաստանիցների խմբերի, առանձին անհատների կհանդիպեիր։

Ռուսաստանցիների ներհոսքը շրջադարձային էր Հայաստանի տնտեսության համար, 14 տոկոսանոց աճի մի մասը, տնտեսագետների գնահատմամբ, հենց նրանց բերած գումարների, ծառայությունների թանկացման շնորհիվ եղավ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG