Մատչելիության հղումներ

«Նոր դավեր» Էրդողանի ամենահավանական մրցակցի դեմ


Թուրքիա - Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր կողմնակիցների բողոքի ցույցի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2022թ.
Թուրքիա - Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր կողմնակիցների բողոքի ցույցի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2022թ.

Հունիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են նոր դավեր նյութել Ռեջեպ Թայիփ Էրդողանի ամենահավանական մրցակիցներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ։ Երեկ խորհրդարանում ունեցած ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Առջևում կարևոր իրադարձություն է՝ ընտրություններ, և իշխանությունները փորձում են իրենց վերահսկողության տակ առնել Ստամբուլի քաղաքապետարանը, այն կառույցը, որն ընտրությունների արդյունքում է հայտնվել ընդդիմության ձեռքում», - հայտարարում էր թուրքական ընդդիմության առաջնորդը՝ մեկնաբանելով դեկտեմբերի վերջից քաղաքական շրջանակներում համառորեն պտտվող այն լուրերը, որոնց համաձայն՝ իշխանությունները ցանկանում են կամայական որոշմամբ պաշտոնից հեռացնել 2019 թվականի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էքրեմ Իմամօղլուին։

«Եթե իշխանությունները դիմեն նման հիմար քայլի, մենք դրա դեմ կպայքարենք բոլոր հնարավոր մեթոդներով, այնպես ինչպես պայքարում են բռնապետության դեմ», - հայտարարում էր Քըլըչդարօղլուն։

Ընդդիմության միասնական թեկնածուի տիտղոսին հավակնող Ստամբուլի քաղաքապետը բուռն նախընտրական զարգացումների կիզակետում հայտնվեց դեկտեմբերի կեսերին, երբ թուրքական դատարանը նրան 2 տարի 7 ամսվա ազատազրկման դատապարտեց երկրի բարձրագույն դատական ատյանի անդամների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար։ Վերին ատյաններում շարունակվող բողոքարկման շնորհիվ, սակայն, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, և Իմամօղլուն շարունակում է մնալ ազատության մեջ՝ կատարելով քաղաքապետի լիազորությունները։

Թուրքական իշխանություններն ընդհանրապես հերքում են, թե ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող առաջնորդներից մեկի դեմ կայացված այս դատավճիռը որևէ կապ ունի առաջիկա ընտրությունների հետ։

«Այդ վճիռը բացառապես դատավորներին վիրավորած մարդուն պատժաչափ սահմանելու մասին է։ Դա ոչ քաղաքական որոշում էր, ոչ էլ որևէ կերպ առնչվում էր գաղափարական պայքարին», - մեկնաբանելով Ստամբուլի քաղաքապետի դեմ կայացված դատավճիռը՝ դեկտեմբերին հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Էրդողանի այս պնդումներին, այնուհանդերձ, թուրքական ընդդիմադիր շրջանակները չեն հավատում՝ համոզված պնդելով, որ իշխանությունները նպատակ ունեն ասպարեզից հեռացնել ընդդիմադիր այն գլխավոր գործչին, որն ի վիճակի է հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ հաղթել Թուրքիայի գործող նախագահին։ Դա են վկայում, մասնավորաբար, տարեվերջին անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Դեկտեմբերին անցկացված երեք հետազոտություններից երկուսի արդյունքները վկայում են, որ ընտրությունների երկրորդ փուլում Էքրեմ Իմամօղլուն կարող է ստանալ թուրք ընտրողների 50, իսկ Էրդողանը՝ 38-40 տոկոսի աջակցությունը։ Երրորդ հարցման համաձայն էլ՝ Իմամօղլուի վարկանիշը երկրորդ փուլում փոքր-ինչ ավելի ցածր է լինելու՝ մոտ 43 տոկոս, սակայն կրկին մոտ 7 կետով ավելի բարձր, քան Էրդողանինը։

XS
SM
MD
LG