Մատչելիության հղումներ

Թուրքիայում գնալով նվազում է իշխող կուսակցության և դրա առաջնորդ Էրդողանի վարկանիշը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունում է իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին Անկարայում հանդիպման ժամանակ, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունում է իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին Անկարայում հանդիպման ժամանակ, արխիվ

Թուրքիայում լիրայի օրեցօր արժեզրկման, գնաճի և խորացող տնտեսական անկմանը զուգահեռ՝ գնալով նվազում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա առաջնորդ՝ նախագահ Թայիփ Էրդողանի վարկանիշը։ Այդ են վկայում մի շարք առաջատար սոցիոլոգիական ընկերությունների անցկացրած վերջին հարցումները։

Այսպես, «Մետրոպոլ» ընկերության սեպտեմբեր ամսվա հարցումների համաձայն՝ եթե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա քաղաքացիների միայն 26,6 տոկոսն է պատրաստ ձայն տալ Էրդողանի կուսակցությանը։ Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 21,5 տոկոս ձայն կստանա, «Լավ» կուսակցությունը՝ 12,7 տոկոս, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 9,1, իսկ իշխանական կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 8,5 տոկոս։

«Մետրոպոլ»-ը քաղաքացիներից նաև հետաքրքրվել է, թե որ քաղաքական գործչին են համակրում։ Ուշագրավ է, որ ամենից շատ ձայներ՝ 55,5 տոկոս, ստացել է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը, որին 47 տոկոսով հետևում է ընդդիմության Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Երկու գործիչները հավակնում են լինել ընդդիմության թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում։ Ամենասիրված քաղաքական գործիչների ցանկում երրորդը «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն է՝ 43,5 տոկոսով։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանին քաղաքացիների միայն 40,8 տոկոսն է հավանություն տվել, մինչդեռ երեք տարի առաջ՝ 2018-ի նախագահական ընտրություններում նա 52,59 տոկոս քվե էր ստացել։

Առաջատար մի շարք այլ սոցիոլոգիական ընկերությունների սեպտեմբերյան հարցումներում էլ գրեթե նույն պատկերն է։

Փորձագետների համոզմամբ՝ իշխանությունների հանդեպ քաղաքացիների անվստահության հիմնական պատճառներից է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը։ Ամերիկյան «Բլումբերգ» պարբերականը օրերս հրապարակած հոդվածում վերլուծել է Էրդողանի իշխանության ֆինանսա-տնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշված է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են գնաճի դեմ ու գնում տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով։

«Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և լողում է ալիքների դեմ», - գրում է «Բլումբերգ»-ը։

Հասարակական դժգոհության աճի ֆոնին Թուրքիայում քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը։ «Ալ Մոնիտոր» պարբերականի սյունակագիր Ամբերի Զամանը գրում է, թե թուրքական ընդդիմության համար ոսկե հնարավորություն է ստեղծվել՝ վերջ դնելու Էրդողանի երկարամյա իշխանությանը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG