Մատչելիության հղումներ

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կարող են նախատեսվածից շուտ տեղի ունենալ


Թուրքիայում քննարկվում է հաջորդ տարվա նախագահական և խորհրդարանական ընտրությունների ամսաթվի փոփոխության հարցը: Մինչ ընդդիմությունը արտահերթ ընտրություններ է պահանջում, իշխանությունը որոշել է քվեարկությունը նախատեսվածից շուտ անցկացնել: Իշխանությանը մոտ կանգնած «Հյուրիյեթ» պարբերականը գրում է, թե 2023-ի հունիսի 18-ին նշանակված ընտրությունները կարող են տեղի կունենալ ավելի շուտ՝ մայիսի 14-ին:

Ըստ թուրքական պարբերականի, շուրջ 5 շաբաթ ավելի վաղ նոր նախագահ ու խորհրդարան ընտրելու որոշումը կապված է մի քանի հանգամանքի հետ: Հունիս ամիսը քննական շրջան է և ուսումնական հաստատություններում շատերը զբաղված են քննություններով, ինչը կարող է նվազեցնել քվեարկողների թիվը: Ամսաթվի փոփոխության առաջարկը նախընտրելի է նաև հաշվի առնելով, որ նախագահական ընտրությունները կարող են երկրորդ փուլ՝ հուլիսի 2 տեղափոխվել, երբ շատերը արձակուրդի են մեկնում, իսկ գյուղացիները աշխատում են իրենց տնտեսություններում: Մայիսը նաև գերադասելի է, քանի որ քաղաքացիները արդեն հաղթահարած կլինեն ձմեռվա սթրեսը և քվեարկության կգնան ավելի դրական տրամադրությամբ:

«Հյուրիյեթը» գրում է, որ քվեարկության ամսաթվի նման փոփոխության առաջարկը փոխանցվել է նախագահ Էրդողանին, և հարցն այժմ քննարկման փուլում է: Թե ով կամ ինչ շրջանակներ են արել այս առաջարկը, պարբերականը չի նշում։

Ընտրությունների հետ կապված մեկ այլ քննարկման թեմա էլ գործող նախագահի երրորդ անգամ առաջադրվելու սահմանադրականության հարցն է: 2014-ին նախագահ ընտրված, ապա 2018-ին այդ պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուրջ երկու շաբաթ առաջ հայտարարեց իր թեկնածության մասին՝ հայտնելով, որ պատրաստվում է երրորդ անգամ հավակնել նախագահի պաշտոնին:

Թուրքիայի սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ ընտրվել երկրի նախագահ՝ հինգ տարի ժամկետով: Իշխանամետ թևը, սակայն, պնդում է, թե 2017-ի սահմանադրական փոփոխություններից և կառավարման նախագահական մոդելի անցնելուց հետո Էրդողանը մեկ ժամկետ է պաշտոնավարել, հետևաբար կրկին առաջադրվելու իրավունք ունի:

Թեև Էրդողանը արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին, ընդդիմության նախագահի թեկնածուն դեռ հայտնի չէ:

Մայիսի վերջին խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող 2 կուսակցություն և արտախորհրդարանական 4 քաղաքական ուժ հայտարարեցին, որ հաջորդ տարվա ընտրություններում մեկ միասնական թեկնածու կունենան:

ASAL հետազոտական ընկերության անցկացրած վերջին հարցման համաձայն, ընդդիմության կողմնակիցները ամենից շատ հավանություն են տալիս Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաքշի թեկնածությանը, որին հետևում են Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Մինչ այդ, սոցիալական վերջին հարցումները նաև վկայում են, որ Էրդողանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի վարկանիշը ընկել է: Հեղինակավոր AKSOY հետազոտական կենտրոնի հունիսյան հարցումների համաձայն, իշխող կուսակցության և հիմնական ընդդիմության ձայները գրեթե հավասարվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG