Մատչելիության հղումներ

Բաքուն խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Երևանի առաջարկը․ ՀՀ ՄԻՊ


Ադրբեջանական կողմը մինչ այս պահը կարողանում է խոչընդոտել ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Հայաստանի առաջարկը, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կարողացե՞լ են համոզել միջազգային գործընկերներին, որ գնան Արցախ և տեղում հասկանան իրավիճակը։

Գրիգորյանն ասաց, որ հարցը քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ, Հայաստանի արտգործնախարարությունն է նաև նման առաջարկ ուղարկել։

«Օրինակ, վերջերս մեր զեկույցը Լաչինի կիջանցքի փակման մասով, որ ուղարկել էինք, շատ հարցեր հենց դրա մասին էին, հարցնում էին՝ «իսկ կա՞ որևէ միջազգային կազմակերպություն, որ գետնի վրա այնտեղ տեղում է և կարող եք հաստատել»։ Սա էլ ևս մեկ անգամ մեր պնդումը վերահաստատելու, կամ առաջարկը ներկայացնելու առիթ էր»,- ասաց Պաշտպանը։

Միակ կազմակերպությունը, որ Ստեփանակերտում ներկայացված է, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է, ասաց Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ այն ունի շատ սահմանափակ և շատ կոնկրետ նեղ, հումանիտար մանդատ, և կազմակերպությունը հսկայական բարդությունների առաջ է կանգնում ադրբեջանական կողմի ոչ համագործակցային գործելակերպի պայմաններում։

«Արտաքին գործերի նախարարությունը նույնպես էս առաջարկությունն արել է և այս նախաձեռնությունը շատ կոնկրետ ուղարկել էր և Ադրբեջանը մինչ այս պահը կարողանում է բլոկ անել նախաձեռնությունը, որ գա նման առաքելություն», - ասաց Պաշտպանը՝ եզրափակելով․ - «Հետևաբար ստացվում է, որ ՄԱԿ-ի մարմինների աշխատանքն այնքան էլ հեշտ չէ և այդքան մարդու իրավուքնների պաշտպանության առաջնահերթություններն այնքան էլ սահուն չեն առաջ գնում։ Այստեղ շատ երկար դիվանագիտական աշխատանք է պետք»։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

Գրիգորյանի հետ հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG