Մատչելիության հղումներ

Արցախը հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում, իսկ Բաքուն զիջումներ է ուզում կորզել. քաղաքագետներ


Պաշտոնական Երևանը պատրաստ չէ ադրբեջանական ակնհայտ ճնշումների ներքո բանակցությունների գնալ։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից Մոսկվա կատարելիք այցի չեղարկման պատճառը հենց դա էր. Երևանում կա ընկալում, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանը փորձում են ուժային գործիքակազմով Հայաստանին որոշ լուծումներ պարտադրել։

«Իրենց մոտ, կարծում եմ, կա այդպիսի ընկալում, որ օրինակ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը համաձայնեցված է Բաքվի և Մոսկվայի միջև և նպատակ է հետապնդում, այո, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգում Հայաստանից զիջումներ կորզել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Այնուամենայնիվ, քաղաքագետի համոզմամբ` բանակցությունների այլընտրանքը լարվածության մեծացումն է, հետևաբար ամենավատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան իրավիճակի սրումը, հատկապես որ Բաքուն պարբերաբար ռազմական գործողությունների միջոցով փորձում է առաջ տանել իր օրակարգը։ Թեև պաշտոնական Մոսկվան նախկինում չէր բացառել, բայց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի կայանա։

«Կարծում եմ՝ թե Լեռնային Ղարաբաղում և թե Հայաստան-Ադրբեջան սահմանին մոտակա ամիսների ընթացքում նմանատիպ (ռազմական գործողությունների վերսկսման) հավանականություն կա», - հավելեց քաղաքագետը:

Լաչինի միջանցքը կարող է բացվել միայն մի պարագայում, եթե ադրբեջանական պահանջների առնվազն մի մասը կատարվի. քաղաքագետ

Հնարավո՞ր է, որ առաջիկա օրերին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվի։ Այդպիսի լավատեսական հայտարարություններ էին հնչել ռուս խաղաղապահների կողմից։

Տիգրան Գրիգորյանի կարծիքով` Լաչինի միջանցքը կարող է բացվել միայն մի պարագայում, եթե ադրբեջանական պահանջների առնվազն մի մասը կատարվի, հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչու Ադրբեջանը պետք է գնա այդ քայլին, հատկապես որ միջազգային ճնշումները այդքան էլ ուժեղ չեն և Բաքվի վրա չեն ազդում. «Օրինակ՝ անցակետի տեղադրում կամ խստացումը կարգավորումների Լաչինի միջանցքում նույն ռուս խաղաղապահների կողմից, ... իրենց ներկայացուցիչների կողմից, Լեռնային Ղարաբաղում գտնվող հանքեր, «Զանեզուրի միջանցքի» օրակարգում զիջումներ Հայաստանի կողմից և այլն»:

Լաչինի միջանցքում առաջացող խնդիրները և ընդհանրապես իրավիճակի ապակայունացումը լուրջ խնդիր է Ռուսաստանի համար. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Արցախն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում, և դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերին չեն հետևում կոնկրետ գործողություններ, որոնք պատասխանատվության կենթարկեն Բաքվին։

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի սերտ համագործակցությանն ու շահերին՝ վերլուծաբանի համոզմամբ՝ Լաչինի միջանցքում առաջացող խնդիրները և ընդհանրապես իրավիճակի ապակայունացումը լուրջ խնդիր է Ռուսաստանի համար՝ Մոսկվան այսօր պատերազմում է Ուկրաինայում և չափազանց զգայուն է այլ ուղղությամբ, տվյալ դեպքում Կովկասում նոր սպառնալիքների նկատմամբ։ Իսկ այս հանգամանքը կարող են օգտագործել այն երկրները, որոնք փաստացի պատերազմի մեջ են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, նշեց նա:

«Եթե լայն դիտարկենք, Ռուսաստանն այսօր ուզում է՝ ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն լինի Կովկասում, բայց աշխատեն նաև հաղորդուղիները, այդ թվում նաև Հայաստանի տարածքում Ադրբեջան-Նախիջևան կապը, որը Ռուսաստանի համար կարևոր տնտեսական հաղորդուղի է դեպի Թուրքիա այսօրվա պատժամիջոցների պայմաններում, միևնույն ժամանակ մենք գիտենք նաև, որ արևմտյան ուղղությունից էլ կա այստեղ Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու և Ռուսաստանի դերը թուլացնելու նպատակ և ռազմավարություն», - ասաց Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ հաշվի առնելով, որ բոլոր կողմերը փորձում են օգտագործել առկա խնդիրները իրենց շահերն առաջ տանելու համար, Հայաստանը պետք է իր ողջ դիվանագիտական ներուժը գործի դնի՝ աշխատելով բոլոր դերակատարների հետ։ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նվազագույնն այս փուլում պետք է, թե Ռուսաստանի և թե միջազգային հանրության հետ քննարկումներում անընդհատ բարձրացնել Լաչինի միջանցքի բացման հարցը՝ շեշտելով հումանիտար աղետի վտանգի մասին։

«Պետք է ընդունենք՝ համաշխարհային պատերազմ է, ըստ էության, և ոչ մի միջազգային կառույց կամ կարգ չի աշխատում, հետևաբար մեր գերխնդիրն է՝ ինտենսիվ և առավելագույն արդյունավետ աշխատել արդեն երկկողմ ուղղություններով՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա նույնիսկ», - հավելեց նա:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ այս պահին 2 տարբերակ կա. առաջինը՝ Արցախում համաձայնում են գնալ զիջումների՝ թույլ տալով այցելություն հանքավայրեր, սակայն այս դեպքում պարզ է , որ Բաքուն այդքանով չի սահմանափակվելու և նորանոր պահանջներ է դնելու, և երկրորդ՝ Բաքվի պահանջները չեն կատարվում, ճանապարհը շարունակում է փակ մնալ, և հումանիտար հարցերը փորձում են լուծել Կարիմիր խաչի միջոցով՝ զուգահեռ մեծացնելով միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա. «Ամեն դեպքում պետք է համապարփակ ձևով լուծվի ստեղծված իրավիճակը, և ռացիոնալ որոշում կայացվի ապագա քայլերի վերաբերյալ»:

Ի դեպ, այսօր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը, որին մասնակցել են նաև Փաշինյանն ու Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե «ցավոք սրտի, ԱՊՀ անդամ որոշ պետությունների միջև տարաձայնությունները պահպանվում են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG