Մատչելիության հղումներ

Արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև Արցախի տնտեսական ոլորտում. Ռուբեն Վարդանյան


Արդեն կես ամիս Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում, օպերատիվ շտաբի նիստում ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով, ասել է նախարարը, փոխանցում են նախարարությունից:

Այս նիստի ընթացքում քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

«Ներկայացվել է իրավիճակը նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար կիրակի օրը Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, որը, սակայն, ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

XS
SM
MD
LG