Մատչելիության հղումներ

Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են


Արցախում սննդի առկա պաշարները օրեցօր գնալով սպառվում են, ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար կիրակի օրը Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, որը ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար:

10 տոննան չնչին քանակ է Արցախի համար և դեֆիցին այս պահին շատ ավելի մեծ է քան մատակարարված օգնությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանյանը՝ մանրամասնելով՝ մինչև շրջափակումը օրական 400 տոննա սննդամթերք և կենսական նշանակության ապրանք էր ներմուծվում Արցախ և արդեն15-րդ օրն է, որ այդ օրական 400 տոննան չի ներմուծվել։

«Պատկերացրեք, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Կոնկրետ կարող ենք այսօր արձանագրված խնդրի մասին խոսել՝ մանկական հիվանդանոցում է գրանցվել․ երեխաները, որոնք որ բուժում են ստանում այնտեղ, սննդի հետ կապված խնդիր ունեն, կան Ա վիտամինոզի հետ կապված խնդիրներ, որ բացակայում է, բանջարեղեն, միրգ, դրանք չկան և բուժում ստացող երեխաների համար խնդիրներ են առաջանում», - ասաց Ստեփանյանը։

Պաշտպանը նաև ընդգծեց, որ տասնյակների է հասնում այն հիվանդների թիվը, որոնց բուժումը պետք է կազմակերպել Երևանում՝ շեշտելով՝ Առողջապահության նախարարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով տալիս է այդ մարդկանց ցանկը, սակայն շփումները, Ստեփանյանի խոսքով, դեռևս արդյունք չեն ապահովում, որ անհրաժեշտության դեպքում այդ մարդկանց տեղափոխեն Երևան։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում երեկվա դրությամբ 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդանոցի դեղորայքային պաշարները սպառվում են։ Արցախի հիվանդանոցներում պլանային վիրահատությունները դադարեցված են, «Հանրապետական» բժշկական կենտրոնում 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս օրերին 4.5 ամսական փոքրիկից բացի, մի տարեց քաղաքացի էր Կարմի խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան՝ սրտի անհետաձգելի վիրահատության համար։

Երեկ Արցախի պետնախարարը հայտարարեց, որ արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում․ մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով, ասաց Ռուբեն Վարդանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG