Մատչելիության հղումներ

Ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական փոքրիկը տեղափոխվում է Երևան


Արցախցի 4 ամսական փոքրիկն, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ» և գտնվում էր ծանր վիճակում, տեղափոխվում է Երևան, «Ազատությանը» տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ երեխան Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոն է տեղափոխվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փոքրիկը գտնվում էր Արցախի «Արևիկ» բուժմիավորումում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։

Օրեր առաջ էլ Արցախից շտապօգնության մեքենայով՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, Երևան էր տեղափոխվել 62-ամյա ծանր հիվանդը։ Նա սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

XS
SM
MD
LG