Մատչելիության հղումներ

Ճգնաժամն ու բլոկադան շարունակվում են. պետնախարար


Արցախցի երկու տղաներ՝ 13 ու 11 տարեկան Ալենն ու Էրիկն արդեն ինը օր է՝ ապրում են առանց հայրիկ-մայրիկի. ծնողները Սյունիք՝ հուղարկավորության էին մեկնել ու վերադառնալ չեն կարողանում: Անչափահասները դպրոց էլ չեն գնում, կենդանիներ, թռչուններ ունեն, ո՞վ կկերակրի նրանց:

Երեխաներին այսօր Արցախի սոցիալական աշխատողներն են այցելել, տեսել են՝ տղաները տունը լավ են պահում, ափսեները՝ մաքուր, լվացքը՝ խնամքով դասավորած, մնում է մայրիկը գա:

Արցախցի բազմաթիվ ընտանիքների անդամներ այժմ բաժանված են իրարից ադրբեջանցի ցուցարարների պատով:

Ճգնաժամն ու բլոկադան շարունակվում են. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ քանի դեռ ադրբեջանցի ցուցարարներն այդտեղ են, ամեն րոպե կարող են փակել հայկական մեքենաների ճանապարհն ու նաև հսկիչ անցակետ տեղադրել:

«Ճանապարհի կողքերին կանգնած են, և իրենք կարող են կանգնեցնել կամ չկանգնեցնել մեքենաները, երբ ուզենան, դրա համար մենք ասում ենք, որ դա անընդունելի է, և պետք է դուրս գան ու չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը: Մեր կողմից դա միակ որոշումն է, որովհետև եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնած լինել, նայեն՝ ինչ մեքենա են թողնում ու ինչ մեքենա չեն թողնում, դա դառնում է իրենց համար հնարավորություն «կապեպե» ստեղծելու», - հայտարարեց նա:

Իններորդ օրն է՝ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցիները Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ են պահում, ցուցարարներն այսօր օրը բացել են համերգային կատարմամբ: Ակցիայի բնապահպանական հունը պահպանելու համար ռուբիկ կուբիկներով «Էկոցիդ» պաստառ են հավաքել։ Պաշտոնական Բաքուն շարունակում են պնդել, որ «ճանապարհը բաց է», և «այսօր միջանցքով դարձյալ շտապօգնության մեքենա է անարգել անցել»։

«Ազատությունն» Արցախից տեղեկացավ՝ ոչ մի նոր հիվանդի տեղափոխել հնարավոր չի եղել, երեկ մեկնած շտապօգնության միակ մեքենան է վերադարձել Կարմիր խաչի ուղեկցությամբ։ Արցախյան բուժհաստատություններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: 13 փոքրիկ վերակենդանացման բաժանմունքում է, Ստեփանակերտի Հանրապետականում շուրջ մեկ տասնյակ քաղաքացի կա վերակենդանացման բաժանմունքում: Բուժպարագաների ու դեղորայքի սղության պայմաններում Արցախում ավելի քան մեկ շաբաթ է՝ պլանային վիրահատությունները դադարեցվել են:

Սննդամթերքի սուր ճգնաժամ առայժմ չկա, բայց միրգ-բանջարեղենի կրպակներում արդեն միայն թանկարժեք արևադարձային պտուղներն են մնացել:

«Մարդ չկա, ապրանք չկա, ի՞նչ տանեմ երեխեքի համար», - հարցնում է քաղաքացիներից մեկը:

Սուպերմարկետներում սպառվում են ամանորյա տոների համար կուտակած պաշարները:

«Շաքարավազի պակասություն է մեզ մոտ, անկեղծ ասած՝ արդեն ծխախոտն էլ է պակասում», - ասում է մյուսը:

Ստեփանակերտում այսօր օպերատիվ շտաբի նիստ է հրավիրվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ալյուրի պաշարները բավարար են, հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը խանութներին հաճար է առաջարկում՝ լիկոգրամը 393 դրամով: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնյաներին հանձնարարել է խնայել բենզինը, վարել գազով աշխատող ավտոմեքենաներ:

Տարվա այս սեզոնին Արցախից արտերկրի հանգստավայր կամ հարազատներին տեսակցելու գնացող ուղևորների թիվը սովորաբար մեծ է լինում: Ստեփանակերտում գործող տուրիստական ընկերությունում անընդհատ զանգեր են ստանում՝ ավիատոմս գնած արցախցիները փորձում են հետ ստանալ ձախողվող թռիչքների գումարը։ Ընկերության ներկայացուցիչ Սվետլանա Մովսիսյանն ասում է՝ անորոշության մեջ հայտնված արցախցի ուղևորներին միջազգային ավիափոխադրողների մեծ մասը ըմբռնումով է մոտենում, հայկական կազմակերպություններն էլ՝ մեկ բացառությամբ. «Ունենք ուղևոր, որ գնել էր տոմս «Fly one Armenia» ավիաընկերությունից, թռիքչը պիտի լիներ դեկտեմբերի 13-ին՝ շրջափակման հաջորդ օրը: Իհարկե, դիմեցինք ընկերությանը, բազմաթիվ նամակներ ուղարկեցինք էլ.փոստով, բայց արձագանք չկար, ստեղծված իրավիճակում ոչ մի օգնություն չցուցաբերեցին», - ասաց նա:

Բլոկադայի ինը օրերի ընթացքում Լաչինի միջանցքով անցել է միայն մեկ հայկական մեքենա՝ երեկ շտապօգնությունը Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևան հասցրեց սրտի վիրահատության կարիք ունեցող տղամարդու: Նա «Նորք մարաշ» բուժկենտրոնում է, կվիրահատվի հավանաբար վաղը:

XS
SM
MD
LG