Մատչելիության հղումներ

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռ դադարեցված են


Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով։

Ինչպես Արցախի առողջապահության նախարարությունն է փոխանցում, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնում» 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար, «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով Հայաստանի մասնագետների հետ, տեղեկացնում է գերատեսչությունը՝ նշելով, որ ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով Հայաստանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կոչ անելով արձագանքել ու գնահատական տալ՝ մարդասիրական աղետը կանխելու համար։

XS
SM
MD
LG