Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ․ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը՝ ՀՀ ՄԻՊ-ին


Վաշինգտոնում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները, մասնավորապես, մարդու իրավունքների շարունակական խախտումները։

Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է՝ ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնն էր նաև Գրիգորյանի հետ հանդիպմանը շեշտել, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման։

Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել է մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Հայկական կողմից զոհվել է 233 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Առնվազն 11 մարդ սպանվել է ադրբեջանական գերության մեջ։​ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին է վերադարձրել 156 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի: Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել էր իր կողմից 80 զոհի մասին։

Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 38 գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

XS
SM
MD
LG