Մատչելիության հղումներ

Սահմանազատումը չպետք է վերածվի ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար


Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը, ԵԱՀԿ նախարարական համաժողովին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - նշել է Միրզոյանը՝ տվյալներ ներկայացնելով սեպտեմբերյան բախումների հետևանքների մասին. Ադրբեջանը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ, հայկական կողմն ունի 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է նաև ադրբեջանական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

«Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ: Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա», - ընդգծել է Արարատ Միրզոյանը։

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միրզոյանը Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունն է հայտնել Եվրամիության և ԵԱՀԿ-ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ «Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել քան երբևէ կարևոր են», - Արտգործնախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ ընդգծել է Արարատ Միրզոյանը:

XS
SM
MD
LG