Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայաթափումը Ադրբեջանի կողմից. Հովսեփ Խուրշուդյան


Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայաթափումը Ադրբեջանի կողմից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

«Ազատություն». - Դուք փակուղային կանվանեի՞ք բանակցային գործընթացը:

Խուրշուդյան. - Ոչ, փակուղային է լինում, երբ որ երկու կողմերի վրա էլ միջազգային ֆակտորները ազդեցությունը կորցրած են, ոնց որ, օրինակ, եղավ 2020 թվականի պատերազմից առաջ:

«Ազատություն». - Հիմա էլ չե՞ն կորցրել Ադրբեջանի վրա. Ռուսաստանը չհաջողեց իր կետերն անցկացնել, Ֆրանսիային էլ Ալիևն է մերժում:

Խուրշուդյան. - Չեմ կարծում: Ֆրանսիայով և Ռուսաստանով չի սահմանափակվում այս դեպքում ազդեցությունը, Միացյալ նահանգները վերականգնել է իր ակտիվությունը արցախյան խնդրի շուրջ:

«Ազատություն». - Կարգավորման արևմտյան մոտեցումը, ամերիկյան ավելի բաց ասենք, որը ըստ մամուլի հրապարակումների, չի՞ ենթադրում արդյոք Արցախն Ադրբեջանի կազմում, անգամ եթե իրենք ապահովեն հայության իրավունքները:

Խուրշուդյան. - Տեսականորեն ենթադրում է, բայց պրակտիկորեն նման բան չի կարող լինել, որովհետև այն ենթադրում է նաև արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովում ամենակարևորը, ինչը Ադրբեջանը չի կարող անել, դա ապրիորի պարզ է: Ինձ թվում է՝ պարզ է նաև ամերիկացիներին: Եվ այդ բանաձևը, որ հիմա դրվել է, որ «Ադրբեջան, լավ, ուզո՞ւմ էիր տարածքային ամբողջականություն, հենա ապահովել ենք քո տարածքը, ուզո՞ւմ էիր էդ 5-7 շրջանների վերադարձ, վերադարձվել է մի բան էլ ավելի, ուզո՞ւմ էիր, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմից դուրս, լավ, մեր առաջարկած տարբերակում այն դուրս չէ, հիմա դու ի՞նչ ես առաջարկում, ո՞նց ես ապահովում անվտանգությունը էդ մարդկանց, թե՞ էդ ամեն ինչը քեզ պետք էր էթնիկ զտում անելու համար», եթե էթնիկ զտում, ուրեմն կլինի Կոսովո, ոչ մի էթնիկ զտում չի թույլատրվի:

Բայց այստեղ, երբ որ խնդիրը ակնհայտ դրել է Ադրբեջանն իր առջև գրեթե չքողարկված, որովհետև այն ատելության քարոզը, որ հայերի հանդեպ վարում է, ակնհայտ է դարձնում իր նպատակները, ինքը հույս ունի, որ համաշխարհային հանրությունը ասելու է՝ «լավ, դե ճիշտ է էս կոնֆլիկտը շահեկանորեն բոլորից տարբերվում է, և մենք ընդունում ենք, որ այստեղ իրավունքների խնդիրը լրջագույն դրված է արցախահայության, բայց ոչինչ կարող ես ոչնչացնել»:

«Ազատություն». - Ի՞նչ պետք է առաջարկի, Ադրբեջանը նույնիսկ այդ երկխոսության ձևաչափին համաձայն չէ՝ միջազգային հովանու ներքո Ստեփանակերտ-Բաքուն բանակցություններ:

Խուրշուդյան. - Հիմա Ադրբեջանը այդ կամակորությունները դեռ շարունակում է՝ օգտվելով նրանից, որ պատերազմում ինքը կարողացավ առավելագույնի հասնել, իր համար հնարավոր առավելագույնին, և երկրորդը՝ Իրանի դեմ աճող միջազգային դժգոհությունից է օգտվում նաև, որովհետև ինքը մտնում է մեկ այլ խաղի մեջ, որի ընթացքում փորձում է օգտագործել Արցախի դեմ իր նպատակները իրականացնելու այդ խնդիրները լուծել:

Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր է և ամեն դեպքում կարմիր գծեր Ադրբեջանին չի թույլատրվելու խախտել, Եվ այն ուղերձները, որ անընդհատ իրեն ուղղում են հիմնականում Ֆրանսիաց, պարբերաբար նաև Միացյալ Նահանգներից, ես կարծում եմ, դրա մասին է, և Ռիքերի այցելությունը շատ հատկանշական էր այդ իմաստով: Բավականին դժգոհ էր, ոնց հասկացանք, Ռիքերը այդ հանդիպումներից, որովհետև որևէ արդյունք չէին տվել, բայց դա նշանակում է, որ դա բացում է դուռ ճնշումների համար՝ Ադրբեջանի վրա:

«Ազատություն». - Այդ ընթացքում մենք հակառակն ենք տեսնում՝ Լեռնային Ղարաբաղում բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիները մտնում են, ճանապարհ են փակում:

Խուրշուդյան. - Ես կարող եմ ավելացնել, որ մենք տեսնում ենք նաև կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին, որոնք շարունակվում են, ճիշտ է, ավելի փոքր մասշտաբներով, չկա էսկալացիա, նաև հենց այդ կրակոցների թիվն էլ նույնիսկ, ըստ մեր Արտգործնախարարության, պակասել է եվրոպական քաղաքացիական դիտորդների ներկայությունից ի վեր, դա նշանակում է, որ ամեն դեպքում միջազգային ճնշումը և միջազգային ներկայությունը ազդում է:

Հիմա, այո, բնապահպանների պահը բավականին տհաճ էր, բայց ընդունենք, որ ընդամենը մի քանի ժամով համարձակվեցին փակել, հասկանալով, թե աղմուկն ինչպիսին կարող է լինել, եթե դա դառնա երկարատև: Այսինքն՝ հումանիտար աղետի վերածելու ինչ-որ նպատակը աբսուրդ կլիներ, չէ՞, բնապահպանները մտնեն, հումանիտար աղետ կազմակերպեն բնակչության համար այն պայմաններում, երբ որ բոլոր միջազգային ռեյտինգներով, նախ, Ադրբեջանը վերջին տեղերում է, Բելառուսին համարժեք է իր ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղհասարակության նաև միջավայրի ցուցանիշներով, ու հանկարծ այնտեղ ակտիվացավ քաղհասարակությունն ընդդեմ հայության, ընդդեմ Արցախի:

«Ազատություն». - Ինչո՞ւ ոչ ռուսական տարբերակը, որը Երևանը և Ստեփանակերտը պաշտպանում են. առկախվում է Ղարաբաղի հարցը, զորախումբը մնում է այնտեղ, ըստ էության, հայկական է մնում Ղարաբաղը:

Խուրշուդյան. - Էդ Ռուսաստանի երկարաձգելու և երկարաձգման ընթացքում իր շահերը սպասարկելու, Հայաստանի և Արցախի շահերը մաս-մաս վաճառելու համար է այդ ժամանակը պետք: Ընդհանրապես չլուծված խնդիրը մեզ ձեռք չի տալիս, որովհետև այդ չլուծված խնդիրը մեզ բերեց այս վիճակին: Եթե մենք ժամանակին լուծած լինեինք այդ խնդիրը, ինչ-որ զիջումների գնալով թեկուզ լուծած լինեինք, մենք այս վիճակում չէինք հայտնվի:

«Ազատություն». - Կարծում եք, որ Վաշինգտոնն այնքան մտահոգ է արցախահայերի ճակատագրով, որ կլինեն ճնշումներ Բաքվի վրա:

Խուրշուդյան. - Միայն Արցախի հայերի ճակատագրի հարցը չի, հարցը նաև հենց կոնֆլիկտի լուծումն է, որովհետև իրենք հասկանում են, որ կոնֆլիկտի չլուծված մնալը Ռուսաստանի համար այստեղ ոտատեղ է, և չեն կարողանում ազատվել ռուսական ազդեցությունից տարածաշրջանում, իսկ դա ռիսկ է բոլորի համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG