Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիքեր


Միացյալ նահանգները ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին, հայտարարել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը:

«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը: Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային խնդիրների կարգավորման և համապարփակ տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում», - տեսաուղերձում ընդգծել է դեսպանը:

Ռիքերը կրկնել է Միրզոյան -Բայրամով հանդիպման ժամանակ պետքարտուղար Բլինքենի դիտարկումը՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին»:

Դեսպան Ռիքերը կարևոր ու արդյունավետ է որակել վարչապետ Փաշինյանի, արտգործնախարար Միրզոյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հատ հանդիպումները՝ ընդգծելով, որ նմանօրինակ հանդիպումներ շաբաթվա սկզբում ունեցել է Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում:

«Ինչպես և նախորդ այցերի ժամանակ ես շարունակում եմ տպավորված լինել մեր երկու երկրների ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առաջ ծառացած մարտահրավերների: Այս հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի ապագան և ողջ Հարավային Կովկասի ապագան», - ասել է նա:

Սա Ռիքերի երկրորդ այցն էր տարածաշրջան, նա Երևան է ժամանել Բաքու ու Թբիլիսի գնալուց հետո։

XS
SM
MD
LG