Մատչելիության հղումներ

Քաթար-2022. Նոր սենսացիա՝ աշխարհի չեմպիոնը պարտվեց


Թունիսը տոնում է հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ, «Կրթական ավանի մարզադաշտ», Ալ Ռայան, 30-ը նոյեմբերի, 2022թ.
Թունիսը տոնում է հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ, «Կրթական ավանի մարզադաշտ», Ալ Ռայան, 30-ը նոյեմբերի, 2022թ.

1/8 եզրափակիչում են նաև Արգենտինան, Լեհաստանը և Ավստրալիան։

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում գրանցվում են նոր սենսացիաներ: D խմբում տեղի ունեցավ Թունիսի և Ֆրանսիայի ընտրանիների հանդիպումը:

Ֆրանսիացիներն արդեն ապահովել էին փլեյօֆ դուրս գալու իրավունքը, և Դիդիե Դեշամը առաջատար աստղերին թողել էր պահեստայինների նստարանին:

58-րդ րոպե, թունիսցի Վահբի Խազրին ներխուժեց տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 1-0:

Դրանից հետո ֆրանսիացիները կազմակերպեցին բազում գրոհներ, դաշտ դուրս եկան Անտուան Գրիզմանը, Կիլիան Մբապեն, Օսման Դեմբելեն, բայց այդ օրը գրանցվեց այս առաջնության ամենաանսպասելի սենսացիաներից մեկը՝ Թունիսը պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոններ ֆրանսիացիներին:

Նույն D խմբում գրանցվեց ևս մեկ խոշոր սենսացիա՝ ֆուտբոլային գերտերությունների ընտանիքի անդամ չհամարվող Ավստրալիան 1-0 հաշվով պարտության մատնեց եվրոպական ուժեղ թիմերից մեկին՝ Դանիային, գոլը 60-րդ րոպեին խփեց Մեթյու Լեքին:

Ապա սկսվեց C խմբի թիմերի դրամատիկ պայքարը: Արգենտինացիները 48-րդ րոպեին Ալեքսիս Մակ Ալիստերի և 68-րդ րոպեին Խուլիան Ալվարեսի գոլերի շնորհիվ հաղթեցին Լեհաստանի հավաքականին 2-0 հաշվով: Ի դեպ, մեծն Մեսսին առաջին խաղակեսում չիրացրեց 11-մետրանոցը:

Զուգահեռ ընթանում էր Սաուդյան Արաբիա-Մեքսիկա խաղը: Մեքսիկացիներն Էնրի Մարտինի՝ 47-րդ և Լուիս Չավեսի՝ 52-րդ րոպեներին խփած գոլերով, թվում էր, թե ապահովեցին իրենց տեղը փլեյօֆում, բայց վերջին վայրկյաններին՝ 90+5-րդ րոպեին Սալեմ Ավդալսարին Սաուդյան Արաբիայից խփեց մեկ գոլ, որը երջանկություն պարգևեց... լեհերին:

Մեքսիկան հաղթեց ու դուրս մնաց, իսկ լեհերը պարտվեցին և անցան փլեյօֆ գոլերի հաշվարկով:

Արդեն հայտնի են 1/8-ի զույգերից մի քանիսը: Դեկտեմբերի 3-ին կխաղան Արգենտինան և Ավստրալիան, դեկտեմբերի 4-ին՝ Ֆրանսիան և Լեհաստանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փլեյօֆի առաջին ռաունդում տեղի կունենան Նիդերլանդներ-ԱՄՆ և Անգլիա-Սենեգալ հանդիպումները:

Դեկտեմբերի 1-ին F խմբում Բելգիան կխաղա Խորվաթիայի, իսկ Կանադան՝ Մարոկկոյի հետ: E խմբում տեղի կունենան Ճապոնիա- Իսպանիա և Կոստա Ռիկա-Գերմանիա հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG