Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ալիևին


Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանն, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է՝ Ֆրանսիան «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Հիշեցնելով, որ Պրահայի հանդիպումը, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, Հունանյանը նկատել է՝ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և «տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»:

Ալիևը նաև նշել է, թե առաջարկելով, որ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը մասնակցի Մակրոնը, Փաշինյանը «փորձում է տապալել խաղաղության բանակցությունները»:

Ըստ Հունանյանի՝ Ալիևի այս հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով Երևանն ու Բաքուն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հաստատելով հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայման համաձայնություն են հայտնում:

«Երևանի առաջարկներին Բաքուն չի պատասխանել»

Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները:

«Արմենպրեսի» հարցին, թե որևէ զարգացում կա՞ այս առումով, Հունանյանը պատասխանել է՝ այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի Երևանի առաջարկներին Բաքուն չի պատասխանել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG