Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Իրանի արտգործնախարարը


Պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նա արդեն հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են նաև հանդիպումներ Հայաստանի վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ։

Աբդոլլահիանի այցի մասին ոչ հայկական, ոչ իրանական կողմը նախօրոք չէր հայտնել, «Ազատության» աղբյուրների հաղորդմամբ, սակայն, այցը ծրագրված էր, Իրանի ԱԳ նախարարը Հայաստան գալու հրավեր վաղուց ուներ։

Վաղը Միրզոյանն իր իրանցի գործընկերոջ հետ ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը: Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել:

Մասնավորապես, թե ուրիշ ինչ օրակարգով է Աբդոլլահիանը Հայաստանում ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ Թեհրանը փակագծերը դեռ չեն բացել։ Իրանական պետական «Իռնա» գործակալության հաղորդմամբ՝ քննարկվելու են փոխադարձ հետաքրքրության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ օրակարգի գլխավոր թեման ամենայն հավանականությամբ անվտանգային հարցերն են։

«Այսօր Հայաստանն Իրանից կարող է ակնկալել նաև հենց ռազմատեխնիկական քննարկումներ և ռազմատեխնիկական գնումների հնարավորություն: Ընդհանուր առմամբ, իհարկե, ռեգիոնալ իրավիճակի կառավարման աջակցություն, այսինքն՝ աստեղ Հայաստանն ու Իրանը ունեն շահերի և հետաքրքրությունների որոշակի ընդհանրություններ: Եվ Թերանի հետ հարաբերության իմաստով, այս պահին դա է թերևս մյուս կարևորագույն հանգամանքը և խնդիրը՝ նպաստել ռեգիոնալ իրավիճակի և կայունության կառավարելիությանը», - նշեց Բադալյանը:

Այնուամենայնիվ, այս պահին հստակ չէ՝ դիմե՞լ է արդյոք Երևանը Թեհրանին զենք գնելու համար, ինչպես նաև պարզ չէ՝ Իրանն իր հերթին պատրա՞ստ է Հայաստանին զենք մատակարարել։ Հնարավոր գործարքի դեպքում, Բադալյանի կարծիքով, չի ուշանա Արևմուտքի խիստ արձագանքը։

«Կան այդ զգուշացումները Երևանին և կա այդ շեշտադրումը, որ Իրանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը Արևմուտքի համար բավականին խնդրահարույց է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ կա մյուս հանգամանքը, այսինքն, Երևանն ունի իր անվտանգությունը ապահովելու խնդիր: Մենք տեսնում ենք, թե որքան մեծ է ադրբեջանական ագրեսիայի ռիսկը, ըստ այդմ մեզ համար անհրաժեշտ է, թեկուզ այդպիսի գնով, բայց հոգ տանել մեր պաշտպանության և անտանգության մասին», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Աբդոլլահիանի այցից առաջ Իրանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ զգուշացրել էր Ադրբեջանին, որ Թեհրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխություն։ Անցած շաբաթ նախագահ Ռայիսին էր այդ մասին ասել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, նախօրեին էլ արտգործնախարարն էր հայտարարել` «Իրանը թույլ չի տվել, որ Հայաստանի հետ հաղորդակցման ուղին փակվի և հանուն դրա «գնացել է մինչև տարածաշրջանում զորավարժության անցկացում»։

Խոսքն ամենայն հավանականությամբ երկուշաբթի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում սկսված վարժանքների մասին է, որոնց մասնակցում են ցամաքային ուժեր, ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Առաջին անգամ նախատեսված է նաև Արաքսի վրայով կամրջի անցկացում` ռազմատեխնիկա տեղափոխելու համար։

«Իրանն այդ քայլերին կդիմի, եթե անմիջական սպառնալիք լինի հենց Իրանի սահմաններին և Իրանի անվտանգությանը: Ես կարծում եմ՝ չափիչը պետք է լինի այստեղ, այսինքն, Իրանը ոչ թե կդիմի այդ քայլերին, կտրուկ գործողություններին Հայաստանի անվտանգության խնդիրների համար, այլ հենց Իրանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում», - նշեց Հակոբ Բադալյանը:

Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում արդեն երրորդ անգամ են զորավարժություններ անցկացնում, այս անգամ ավելի լայնածավալ։

XS
SM
MD
LG