Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսեց քննել նույն գործի շրջանակում մեղադրվող դատավորին և փաստաբանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը, որոշումներ դեռ չկան։
Երեկ ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը այժմ ազատության մեջ է, քանի որ լրացել է ձերբակալության թույլատրելի 24 ժամը։ Դատավորի՝ ձերբակալությունից ազատ արձակման մասին այս պահին տեղեկություն չկա։
Մինչ իրավապահները չեն մանրամասնում, թե ինչի համար են մեղադրում դատավորին ու փաստաբանին, նրանց ներկայացուցիչները պարզաբանում են՝ 33-ամյա դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնական լիազորությունները անցնելու, իսկ մի շարք հնչեղ գործերով փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին այս արարքներում օժանդակելու համար։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։
Իրավապահները պնդում են՝ ազատության մեջ մեղադրյալ փաստաբանը կխոչընդոտի գործի քննությանն ու հնարավոր է՝ նոր հանցանք թույլ տա։ Ձերբակալությունից ազատ արձակվելուց հետո Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց. «Միանշանակ մեղադրանքը չեմ ընդունում, այն հորինված է, այդտեղ արտացոլված որևէ, չեմ կարող ասել փաստ, նույնիսկ չեմ կարող բնորոշել որպես փաստարկ, կարող եմ բնորոշել բացառապես որպես մերկապարանոց հայտարարություն, որ ես այդ հանգամանքների հետ որևէ առնչություն եմ ունեցել»:
Թե ինչպե՞ս է փաստաբանն օժանդակել, որ դատավորը Արուսյակ Ալեքսանյանը իր պաշտպանյալի օգտին որոշում կայացնի, արդյո՞ք կաշառք է փոխանցել դատավորին, իրավապահները չեն պարզաբանում։
Ըստ պաշտպանների՝ մեղադրյալի աթոռին հայտնված փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակել գրավով, դատավորը բավարարել է։ Գրավով ազատ արձակված անձը Սերգեյ Գրիգորյանն է, նա, ըստ մամուլի, քրեական հեղինակություն է։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մի շարք հայտնի, նախկին ազդեցիկ պաշտոնյա հաճախորդներ ունի. նախ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, կաշառք ստանալուն օժանդակելու գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանն էր։ Հետո ստանձնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանությունը։ Ալեքսանյանը, որն այժմ ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, պնդում է, թե այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի, իրեն փորձում են լռեցնել իշխանությանը քննադատելու համար։
«Սա ոչ այլ ինչ է, քան իմ մասնագիտական գործունեությանը միջամտելը, սա ինձ լռեցնելու փորձ է: Եվ մի բան հստակ կարող եմ ասել, եթե իրանց միջոցը, եղանակը, այդ գործողության կատարումը ինձ մեղադրանք առաջադրելն է, ինձ կալանավորելն է, ապա իրենք սխալվել են», - ընդգծեց փաստաբանը:
Դատավորի ու փաստաբանի ձերբակալության պատճառ դարձած գործից շատ մանրամասներ չեն բացահայտում ոչ միայն իրավապահները, այլև՝ նրանց փաստաբանները։ Արդյո՞ք ԱԱԾ-ն նրանց մեղադրում է հանցավոր պայմանավորվածությունների համար. դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատության» այս հարցին դրական պատասխանեց, բայց խուսափեց ներկայացնել հանգամանքները:
«Իրենք ասում են, որ ինչ-որ պայմանավորվածություններ կան, դեռևս պետք է ապացուցեն: կարող է լինել, որ դատավորը ակնհայտ անարդար դատական ակտ կայացնի, բայց էս դեպքում մենք գործ ունենք սովորական դատական ակտի հետ, որը վերաքննիչ դատարանը բեկանել է ամենասովորական ձևով, որը օրական, կարող է այսօր էլ ինչ-որ մեկը բեկանում է», - նշեց Սարգսյանը:
Ուղիղ մեկ տարի առաջ դատավոր նշանակված Արուսյակ Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, իշխանության քննադատ Արմեն Գրիգորյանին։