Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց


11 ամիս կալանքի տակ գտնվող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այսօր հրատապ դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը, միևնույն ժամանակ, ընտրեց նաև ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։

«Թույլատրելի ճանաչել խափանման միջոցներ 100 միլիոն դրամ գումարի չափով գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ ամբաստանյալ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը», - հայտարարեց դատավորը:

Հովսեփյանն ազատության մեջ կլինի, երբ հարազատները վճարեն 200 հազար դոլարի գրավը։ Մոտ մեկ տարի քննվող քրեական գործով կալանքի տակ են ոչ միայն նախկին գլխավոր դատախազի, այլև նրա ընտանիքի անդամների ողջ գույքն ու դրամական եկամուտները։ Դատական նիստից հետո որդին՝ Արմեն Հովսեփյանն ասաց՝ ընկերներից են հայթայթելու պահանջվող գումարը։

Այսօրվա դատական նիստի առիթ էր դարձել հիվանդանոցում գտնվող Հովսեփյանի առողջական վիճակի վատացումը։ Բիզնեսով մոտ 7 միլիարդ դրամի եկամուտ ստանալու համար մեղադրվող և մեղքը չընդունող նախկին բարձրաստիճան պաշտոնյան արդեն երկու ամիս է՝ հիվանդանոցում է։

45 տարի շարունակ արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։

69-ամյա Հովսեփյանը շաքարային ծանր դիաբետ ունի, ինչը համարվում է պատժի հետ անհամատեղելի հիվանդություն։ Մինչ դատարանը կձևավորեր բժշկական հանձնաժողովը, որը պետք է քններ նրա վիճակն ու ըստ այդմ որոշեր՝ կալանքից ազատ արձակելու հարցը, օրերս նրա առողջական վիճակը վատացել է, Հովսեփյանն ուշագնաց է եղել մի հիվանդանոցից մյուսի ճանապարհին։

«Երբ որ տեղափոխում էր ուղեկցող գումարտակը, այսինքն կրկին հիվանդանոցի հետ կապ չունեցող ուղեկցող գումարտակը, «Նաիրի» բժշկական կենտրոնից հետ տեղափոխելուց հենց մեքենայի մեջ ուշագնաց է եղել ու իրենց կողմից արձանագրվել է, այսինքն այս փաստերն այնքան օբյեկտիվ են, որ եթե որևէ մեկն ուզենա որևէ տեղ ինչ-որ կասկածելի բան գտնի, պետք է բոլորը միաժամանակ դիտարկի, «Միքայելյան» հիվանդանոց, «Իզմիրլյան» հիվանդանոց, Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ, որ Արդարադատության նախարարությանն է ենթարկվում ու նաև ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներ, որ այս ամբողջը անընդհատ վկայում է, որ բացասական դինամիկան, կյանքին վտանգ սպառնացող վիճակն անընդհատ խորանում է», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց բժշկի եզրակացությունն այն մասին, որ նման վիճակը հնարավոր է հանգեցնի կոմայի. - «Նման վիճակներ, այսինքն ուշաթափություններ կարող են լինել ինչպես արյան մեջ գլյուկոզայի կտրուկ տատանման, այնպես էլ զարկերակային ճնշման կտրուկ տատանման արդյունքում: Այլ կերպ ասած՝ հստակ պատասխանելով 3-րդ հարցադրմանը, Աղվան Հովսեփյանի ուշաթափությունը վերջինիս մոտ կարող է դիտվել որպես դիաբետի սուր բարդություն՝ կոմայի նախանշան»:

Դատախազները, սակայն, այդպես էլ դիրքորոշում չհայտնեցին՝ համաձայն են, որ Հովսեփյանն ազատ արձակվի կալանքից, թե՝ ոչ: Ասացին միայն՝ դեմ չեն, որ դատավորը նման հարց քննի։ Ավելի վաղ, մեղադրողները դեմ էին արտահայտվել, որ Հովսեփյանը բանտից դուրս գա։

Նախկին գլխավոր դատախազի գործը քննած քննիչն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր՝ ապացուցվել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեցող Հովսեփյանը հենց նման գործունեություն էլ ծավալել է. մասնավորապես, փոքր ՀԷԿ-եր, ավտոտեխսպասարկման կայան է հիմնել, բեռնատար ավտոմեքենաների անվադողեր է վաճառել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Բիզնեսով զբաղվելու արդյունքում էլ ստացել է մոտավորապես 6 միլիարդ 800 միլիոն դրամի չափով եկամուտ:

Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը, քննիչի փոխանցմամբ, նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG