Մատչելիության հղումներ

Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց


9-ամսյա կալանքից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։

«Առուշ Գագիկի Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և վերջինիս անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից», - ընթերցեց դատավորը:

Արդեն ազատության մեջ Առուշանյանը, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել էր նաև Ազգային ժողովի վերջին ընտրություններին, հայտարարեց՝ իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում, պայքարում է հանուն հայրենիքի՝ առաջին հերթին, ինչպես նշեց, «ներքին թշնամիների» դեմ։

«Առհասարակ երբեք չեմ ընդունում, որ ես քաղբանտարկյալ եմ, որովհետև իմ պայքարը քաղաքականության չէ, որ ես ընդունեմ, որ քաղբանտարկյալ եմ: Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք անկախ ներսում-դրսում մեր հայրենիքի համար, մեր հայրենիքի պաշտպանության համար», - ասաց նա:

Դատարանը միևնույն ժամանակ Գորիսի 31-ամյա քաղաքապետին մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, նրան դատապարտեց 6.5 ամիս ազատազրկման, բայց վճիռը պայմանական չկիրառեց: Դատավոր Գնել Գասպարյանը Գորիսի քաղաքապետին նաև 5 տարով զրկեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Քանի դեռ վճիռը բողոքարկելու հնարավորություն կա, ու հետևաբար վերջնականապես ուժի մեջ չի մտել, Առուշանյանը կարող է շարունակել պաշտոնավարումը Գորիսի քաղաքապետի պաշտոնում, ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը. «Դա ամենասկզբից պարզ էր. այս քրեական հետապնդման հարուցումը, վերջինիս առհասարակ ազատազրկելը, եթե չեմ սխալվում` արդեն մոտ 9 ամիս պարոն Առուշանյանը գտնվում էր անազատության մեջ, այսինքն` ամբողջ խնդիրը քաղաքական իշխանության Առուշ Առուշանյանին մեկուսացնելն էր, և ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ պարոն Առուշանյանն ուղղակի չկարողանա իր լիազորությունները կատարել, իր առաքելությունը կատարի` որպես Գորիս համայնքի ղեկավար: Ամբողջ խնդիրը սրանում էր, այստեղ ոչ իրավաբանություն կար, ոչ օրենք կար, ոչ էլ իրավունք կար»:

Առուշանյանը մեղադրվում էր երկու տարբեր գործերով։ Այսօր նա արդարացվեց անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Այս գործով արդարացվեց նաև սկզբում նրա դեմ ցուցմունք տված, հետո դրանից հրաժարված Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Նա դատարանում զղջացել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալու համար, մինչդեռ նախաքննության ընթացքում պատմել էր, թե Առուշանյանն իրեն հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։

«Ո՞նց հնարավոր է` ես նման հանցագործություն գործեի, ո՞նց հնարավոր է` բնակիչների հետ այդպես վերաբերվեի, ես գիտեի, որ այս գործն այսպիսի վերջաբան է ունենալու», - ասել էր նա:

Անցած ամռանն անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ Առուշանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում, հետագայում, սակայն, հրաժարվեց պատգամավորական մանդատից։

Առուշանյանի դաշինքը հոկտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։ Առուշանյանը վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում, սակայն նրա կալանքի պատճառով Գորիսը մինչ օրս ղեկավարում էին նրա տեղակալները։

Առուշանյանին վերագրվող երկրորդ քրեական գործը, որով նա մեղավոր ճանաչվեց, առնչվում է 2017 թվականին։ Ըստ իրավապահների` Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի` Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս է հասցրել ու մարմնական վնասվածքներ պատճառել։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ արդարացման դատավճռին ծանոթանալուց հետո միայն կարող են ասել՝ կբողոքարկեն վճիռը, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG