Մատչելիության հղումներ

Ազատ են արձակվել «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը


Արմեն Չարչյանը
Արմեն Չարչյանը

Բարձր դատարանի որոշումը վերաբերում է բացառապես ազատությունից զրկելուն, քրեական հետապնդումը երեքի դեպքում էլ կշարունակվի։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո այսօր երեք ընդդիմադիր պատգամավորներն ազատ արձակվեցին կալանքից։

Բարձր դատարանը երեկ վճռել էր, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Այս որոշման արդյունքում ազատ արձակվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը։

Բարձր դատարանի որոշումը վերաբերում է բացառապես ազատությունից զրկելուն, քրեական հետապնդումը երեքի դեպքում էլ կշարունակվի։

Պրոֆեսոր Չարչյանը, որ մեղադրվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար, ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

Լրագրողների հետ կարճ զրույցում 61-ամյա Չարչյանն ասաց, որ դեռ չի մտածում շուրջ 4 ամիս իրեն կալանքի տակ պահելու որոշման դեմ միջոցներ կձեռնարկելու մասին. - «Ես այսօր շատ լուրջ խնդիր ունեմ իմ առողջությունը վերականգնելու, իմ խաթարված առողջությունս, որ այս հինգ ամսվա շատ վատ, բացասական դինամիկա եղավ։ Դուք երևի տեղյակ եք, որ ես երկրորդ ինֆարկտը ստացա քրեակատարողական հաստատությունում, մնացյալ այլ բաներ»։

Ընդդիմադիր պատգամավորները մեղադրյալ են դարձել և կալավորվել մինչև պատգամավոր դառնալը։ Փաստաբանները պարբերաբար հայտարարում էին, որ պատգամավորի անձեռնմխելիություն ստանալուց հետո նրանք պետք է ազատ արձակվեին, բայց իրավապահները մերժում էին այս պահանջները՝ պնդելով, թե քանի որ մեղադրյալ են դարձել մինչև անեռնմխելիությունը, հետևաբար դա նրանց չի կարող ազատել կալանքից։

Սակայն Բարձր դատարանը, քննելով ընդդիմադիր պատգամավորների դիմումը, եզրահանգել է նաև, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, որոշակի բացառությամբ, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

Արամ Վադևանյան
Արամ Վադևանյան

Այսինքն՝ ընդդիմադիրների դեպքում տեղի էր ունեցել ապօրինություն, այսօր դատարանի բակում հայտարարեց Չարչյանի նախկին պաշտպան, այժմ Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը. - «Պատկերացնենք, որ «Հայաստան» խմբակցությունը՝ ընդդիմադիր խմբակցություն, իր կազմում չունի որևէ իրավական գիտելիք ունեցող պատգամավորի, և օրինակ, չի պատկերացնում, որ այս հարցով կարելի է ՍԴ դիմել։ Ի՞նչ էր լինելու։ Պատգամավորները շարունակելու էին մնալ կալանավորվա՞ծ։ Չարչյանի առողջականը շարունակելու էր քայքայվե՞լ։ Եվ դրա հետ համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը։ Այստեղ է ամենամեծ ցավը։ Իսկապես նույնիսկ չեմ կարողանում լիաթոք ուրախանալ այս որոշմամբ, որովհետև մենք փաստը ունենք, որ մեր ընկերները այսքան ամիս եղան կալանավորված»։

Թե՛ Վարդևանյանի, թե՛ Չարչյանի փաստաբանի պնդմամբ, Բարձր դատարանի երեկվա որոշումը նշանակում է, որ այլևս այս գործով Չարչյանին չեն կարող կալանավորել, եթե, իհարկե, նա դրսևորի պատշաճ վարքագիծ։

«Գլխավոր դատախազը կարող է դիմել Ազգային ժողով, անձեռնմխելիությունը հաղթահարել և ներկայացնել միջնորդություն կալանավորման վերաբերյալ։ Բայց այստեղ առկա է հետևյալ խնդիրը. Գլխավոր դատախազը նման պարագայում, Արմեն Չարչյանի մասով համեմանայն դեպս ես որպես պաշտպան կարող եմ ասել, և վստահ եմ նաև, որ մյուսների վերաբերյալ նույնը առկա է, չի կարող նույն միջնորդությունը ներկայացնել, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքի, եթե չեմ սխալվում, 142 հոդվածը հստակ սահմանում է, որ մեղադրյալը, երբ որ խափանման միջոցը նրա նկատմամբ վերացվում է, նոյւյն մեղադրանքի շրջանակներում չի կարող կալանավորվել՝ եթե ի հայտ չեն եկել այնպիսի նոր էական հանգամանքներ, որոնց նախկինում վարույթ իրականացնող մարմնի համար հայտնի չեն եղել», - ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Armenia-Advocate Erik Aleksanian,24June,2021
Armenia-Advocate Erik Aleksanian,24June,2021

Նա նաև ընդգծեց, որ Բարձր դատարանի որոշումը նշանակում է, որ քրեական հետապնդումը կշարունակվի՝ չնայած ընդդիմադիրները խնդրել էին հակասահմանադրական ճանաչել օրենքի նաև այդ դրույթը։ Եվ եթե դատաքննությանն ընթացքում Չարչյանը մեղավոր ճանաչվի, ապա պատգամավորին ազատազրկելու թույլտվություն ստանալու համար գլխավոր դատախազը պետք է դիմի Ազգային Ժողով. - «Անձեռնխելիության հարց յուրաքանչյուր դեպքում պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի տեսանկյունից միշտ ծագելու է։ Անգամ պատկերացնենք ձեր ասած իրավիճակը. եթե գործի քննությունը շարունակվի, իսկ գործի քննությունը ՍԴ-ի որոշման հիման վրա պետք է շարունակվի, և հետագայում եթե կայացվի դատավճիռ ազատությունից զրկելու հետ կապված, ապա կրկին անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտություն է առաջանալու»։

Սահմանադրական դատարանը ընդդիմադիրների կողմից բազմիցս է քննադատվել։ Փաշինյանի իշխանության օրոք փոփոխված Բարձր դատարան արդեն երկրորդ որոշումն է կայացնում հօգուտ ընդդիմադիրների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG